The New York Times․ Վրաստանը դարձել է հարմար լոգիստիկ խողովակ Ռուսաստանի և արտաքին աշխարհի միջև
Ամերիկյան The New York Times թերթը նյութեր է հրապարակում Ռուսաստան ներկրվող արևմտյան ապրանքների մասին։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ ըստ այդ լրատվամիջոցի հեղինակ Իվան Նեչեպուրենկոյի՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Արևմուտքի սահմանած պատժամիջոցների պատճառով, Ռուսաստանը ստիպված է այլընտրանքային ճանապարհներով առևտրային կապեր գտնել, և դրա համար օգտագործում է Վրաստանը։
Հեղինակը նշել է, որ վրաց-ռուսական սահմանին ամեն օր բեռնատարների հերթեր են գոյանում։
«Տարբեր տեսակի ապրանքներով բեռնված բեռնատարներ, օրինակ՝ քիմիական նյութեր, ավտոպահեստամասեր, արդյունաբերական նյութեր և այլն։ Նրանք օրերով սպասում են, որպեսզի հատեն սահմանը, որը սովորաբար սկսվում է Թուրքիայից և ավարտվում ռուսական քաղաքներով, որտեղ արևմտյան ապրանքների մեծ պահանջարկ կա»,- գրել է Նեչեպուրենկոն:
Ըստ նրա՝ Վրաստանը դարձել է հարմար լոգիստիկ խողովակ Ռուսաստանի և արտաքին աշխարհի միջև։ Նրա խոսքով, Վրաստանի և հարևան երկրների (Հայաստան և Ադրբեջան) միջոցով ապրանքների գնումը Ռուսաստանին օգնել է դիմակայել Ուկրաինա ներխուժման հետևանքով առաջացած տնտեսական ճնշմանը:
Ի դեպ, Վրաստանի առաջատար ներդրումային բանկի՝ TBC Capital-ի կատարած հետազոտության համաձայն, 2022 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում Թուրքիայի և Ռուսաստանի միջև բեռնափոխադրումների ծավալը եռապատկվել է, և դրա զգալի մասն անցել է վրացական ճանապարհներով։