Նեդ Փրայս. Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական երկխոսությունը ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի անձնական առաջնահերթությունն է
Միացյալ Նահանգները ձգտում է վերսկսել կառուցողական երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այդ մասին հունվարի 18-ի ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
Անդրադառնալով հունվարի 18-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցին, Նեդ Փրայսը նշել է.
«Պետքարտուղարն այսօր հնարավորություն ունեցավ խոսել Հայաստանի ղեկավարի հետ։ Ակնկալում եմ, որ առաջիկա օրերին նա հնարավորություն կունենա զրուցելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ»։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ, Փաշինյանը և Բլինկենը քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը։ Փաշինյանը նշեց, որ Լաչինի միջանցքի շրջափակմամբ Ադրբեջանը հերթական անգամ դիմեց սադրիչ գործողությունների և փաստացի խախտեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը։
«ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել էր Լաչինի միջանցքի անխափան գործունեության կարևորությունը և նշել ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու իր ներդրումն ունենալ այս խնդրի լուծման գործում։ Զրուցակիցները մտքեր էին փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանության, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ»,-ասված է հաղորդագրությունում։
Լրագրողի այն հարցին, թե արդյոք պետքարտուղարը փորձում է շոշոփել հիմքերը՝ տեսնելու, թե արդյոք ցանկություն կա երկխոսության հաջորդ փուլի համար, Փրայսն ասել է. «Միացյալ Նահանգները կանի այն, ինչ, ի վերջո, առավել օգտակար կլինի»:
Նա հիշեցրել է, որ անցյալ տարեվերջին պետքարտուղարը մի քանի հանդիպումներ է ունեցել իր գործընկերների հետ, մասնավորապես՝ պետքարտուղարի միջնորդությամբ Վաշինգտոնում և Նյու Յորքում եռակողմ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։
«Իհարկե, դուք տեսնում եք Լեռնային Ղարաբաղի շուրջ նկատվող վերջին անհաջողությունները։ Եվ մենք ցանկանում ենք, որ կառուցողական երկխոսությունը վերսկսվի»,-ասել է Փրայսը` հավելելով. «ԱՄՆ-ը պատրաստ է երկկողմանի փոխգործակցությանը կամ ԵԱՀԿ-ի գործընկերների հետ փոխգործակցությանը, կամ՝ եռակողմ ձևաչափով»:
Անդրադառնալով ամերիկացի դիվանագետ Ֆիլիպ Ռիկերի՝ Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդականի պաշտոնը լքելու փաստին, Փրայսը նշել է. «Դեսպան Ռիկերը անցած շաբաթ 30-ամյա փայլուն կարիերայից հետո թոշակի անցավ: Բայց այս գերատեսչությունում կան մի շարք մարդիկ, ովքեր խորապես ներգրավված են այս գործընթացում, որոնց շարքում պետքարտուղար Բլինկենը վերջիններից չէ: Սա նրա անձնական առաջնահերթությունն է։ Բայց այն մարդիկ, ինչպիսիք են Վիկտորյա Նուլանդը, Կարեն Դոնֆրիդը, Եվրոպական և Եվրասիայի հարցերով բյուրոյի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, կշարունակեն ակտիվորեն զբաղվել դրանով»:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը կշարունակի համագործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ վերջնական կարգավորման հասնելու համար. Նեդ Փրայս
- Նեդ Փրայսը՝ Բերձորի միջանցքում ստեղծված իրավիճակի հետ կապված ԱՄՆ գործողությունների մասին
- Նեդ Փրայս. ԱՄՆ-ն ակտիվորեն համագործակցում է կողմերի հետ Հարավային Կովկասի խաղաղ ապագան ապահովելու համար
- Նեդ Փրայսը՝ Իրանի ու Ադրբեջանի հռետորաբանության աճող լարվածության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին