Արցախում հիմա պետք է կտրականապես դադարեցնել որևէ քաղաքական պրոցես. Էդգար Ղազարյան
Սոցիալական ցանցերում շրջանառվում է մի ցուցակ, որում ընդգրկված են այն քաղաքական գործիչների անունները, որոնք, ըստ ցուցակի հեղինակների, անվերապահորեն աջակցում են Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին: Ցուցակում նաև ընդգրկված է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի անունը: Վերջինս չցանկացավ մեկնաբանել նման որակավորումները, բայց Panorama.am-ին փոխանցեց Արցախում կատարված վերջին ներքաղաքական զարգացումների իր գնահատականները:
«Ես կարծում եմ, որ Արցախում տեղի ունեցած այդ պրոցեսի առաջնային աղբյուրն ու հեղինակը Իլհամ Ալիևն էր: Ադրբեջանի պաշտոնյաներն ամենաբարձր մակարդակով՝ անձամբ Ալիևը, ԱԳ նախարարը, ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչները խոսել են Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում մնալու, ադրբեջանական տեսանկյունից, անթուլատրելիության մասին: Այդ հարցը նրանք Արցախի քաղաքական օրակարգ բերել են Նիկոլ Փաշինյանի միջոցով: Ադրբեջանցիներն Արցախի հետ ուղիղ շփումներ չունեն և նրանք իրենց պահանջները, նաև՝ Արցախին վերաբերողը ձևակերպում են Հայաստանի իշխանությունների միջոցով:
Իսկ, որ Հայաստանի իշխանությունները Ալիևի պահանջները կատարում են առանց քննարկման՝ մենք արդեն երկու տարվա պրակտիկա ունենք դրանում համոզված լինելու համար: Այն պահից, երբ Ադրբեջանում այդ հայտարարությունները եղան, իմ կարծիքով, Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանից, որն ըստ Արցախի Սահմանադրության, նախարարներին, այդ թվում նաև պետնախարարին նշանակելու և ազատելու իրավասություն ունի, պահանջել է որպեսզի Վարդանյանին ազատի զբաղեցրած պաշտոնից: Հակառակ դեպքում՝ ոչ մի տրամաբանություն չկա: Պետք է արձանագրել, որ Ռուբեն Վարդանյանը երկու ամիս առաջ է նշանակվել այդ պաշտոնին, ընդ որում՝ նրա նշանակումը, հուզական, պահի ազդեցության տակ, ինտուիտիվ որոշում չի եղել: Տևական քննարկումներ են ծավալվել նրա նշանակման շուրջ, այնուհետև Արցախի նախագահը նրան պաշտոնական առաջարկ է ներկայացրել, Վարդանյանը ժամանակ է խնդրել դրա մասին մտածելու, մտորելու, հետո համաձայնություն է տվել, նոր նշանակվել այդ պաշտոնում: Նրա նշանակման գործընթացը հանրային հնչեղության պրոցես է անցել երկար ժամանակահատվածում:
Հարց է առաջանում, թե Վարդանյանն ի՞նչ արած կլինի, որը նրա պաշտոնանկության հիմք կարողանար հանդիսանալ: Նման բան գոյություն չունի, կա միայն ադրբեջանական պահանջ, որը Նիկոլ Փաշինյանն ընդամենը կատարել է:
Մյուս կողմից էլ պաշտոնանկությունների մասին առաջին տեղեկատվությունը պաշտոնական էր, մենք մամուլից չիմացանք պաշտոնանկությունների մասին: Առաջին հայտարարությունը հնարավոր ընտրությունների վերաբերյալ արել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, որը Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք» խմբակցության պատգամավոր է և՝ կուսակցության առանցքային գործիչ:
Այսինքը, խոսք եղել է, պայմանավորվածություններ կամ՝ Հայաստանից և Ադրբեջանից պահանջները, որ ոչ միայն Ռուբեն Վարդանյանը պաշտոնանկ արվի, այլև Արայիկ Հարությունյանն էլ հրաժարական տա, որպեսզի Արցախի Սահմանադրությամբ, իրավունքի ուժով լուծարվի նաև Ազգային ժողովը: Ըստ էության, գլխատվի Արցախի ողջ պետական կառավարման համակարգը: Գործընթացն միայն դրանով է պայմանավորված եղել և բարեբախտաբար կանգնեցվել է»,-իր կարծիքն հայտնեց Ղազարյանը:
Panorama.am-ի հարցին, թե արդյո՞ք պատահական էր Լաչինի միջանցքի փակման պայմաններում նման քաղաքական հարցի արծարծումը՝ Էդգար Ղազարյանը պատասխանեց.
«Լաչինի միջանցքի փակումը առաջին հերթին Հայաստանի քաղաքական ճգնաժամի հետևանք էր: Միջանցքը փակվել է Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների համատեղ գործողությունների հետևանքով: Ես և շատերը վաղուց ենք ասել, որ երբ 2022 թվականի օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին, առանց որևէ պայմանավորվածության, խախտելով նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի հայտարարությունը, ըստ էության Հայաստանը զիջեց Լաչինի միջանցքն Ադրբեջանին, հիմա այն, ինչը որ գոյություն ունի, այլևս Լաչինի միջանցքը չէ, որովհետև միջանցքով անցնում էր գազատարը, ինտերնետային մալուխը, որոնք ադրբեջանցիների վերահսկողության տակ է և նրանք դրանց հետ ինչպես ուզում, այնպես էլ վարվում են, ինչպես, օրինակ, հիմա խափանված է էլեկտրամատակարարումը, ինչպես խափանվում ու վերականգնվում է գազամատակարարումը, ինչպես խափանվեց և վերականգնվեց ինտերնետը, ֆիքսված կապը:
Այսինքն, ի սկզբանե այս հիմնահարցը առաջացել է քաղաքական գործողությունների հետևանքով: Տեսեք մամուլում գրվեց, որ Ադրբեջանը 5 պահանջ է ներկայացրել հայկական կողմին Լաչինի միջանցքը բացելու համար և այդ պայմաններից մեկն էլ շարունակում է մնալ Ռուբեն Վարդանյանին Արցախից հեռացնելը:
Ինչի՞ համար են սա անում: Իմ կարծիքով Ռուբեն Վարդանյանը փորձում է քիչ թե շատ Նիկոլ Փաշինյանի ազդեցության գոտուց իրեն դուրս պահել: Դժվար է ասել, որ այն ամբողջությամբ այդպես է, բայց ակնհայտ է, որ նրա վրա ավելի քիչ է ազդեցությունը, քան Արայիկ Հարությունյանի նկատմամբ է: Ըստ էության, նրանց խնդիրն է լիկվիդացնել սուվերեն գործող բոլոր սուբյեկտներին, որպեսզի ավելի հեշտ լինի Արցախը թշնամուն՝ իր համար ավելի նախընտրելի պայմաններով հանձնելու գործընթացը: Միայն այս տեսանկյունից, կարծում եմ, Ռուբեն Վարադնյանի մնալը շատ կարևոր է: Առհասարակ, Արցախում հիմա որևէ քաղաքական պրոցես պետք է կտրականապես դադարեցնել, որևէ մեկը նույնիսկ մտածելու իրավունք չունի Արցախում որևէ քաղաքական գործընթացի մասին, որևէ մեկին պաշտոնից հանելու, նշանակելու, էլ չեմ ասում՝ ընտրություն կամ սահմանադրական փոփոխություն անցկացնելու: Նման բաների մասին ոչ ոք չպետք է մտածի, բոլորը պետք է մնան իրենց կարգավիկճակում՝ կատարելու իրենց պարտականությունները լուծելու հակաճգնաժամային խնդիրները»:
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Վարդանյանը ցավակցել է հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին
- Ռուբեն Վարդանյան. Ես հստակ ասում եմ, որ մեր նպատակն է ունենալ անկախ Արցախ
- Ռուբեն Վարդանյան. Ղարաբաղում իրավիճակը չափազանց բարդ է նոր խաղաղապահների ներգրավման համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին