Իրանի ԳՇ-ն Եվրախորհրդարանին նախազգուշացրել է ԻՀՊԿ-ին Ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու հետևանքների մասին
Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբը Եվրախորհրդարանին նախազգուշացրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները) ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկելու հետևանքների մասին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է Գլխավոր շտաբի հինգշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ։
«Զինված ուժերի գլխավոր շտաբը խստորեն դատապարտում է այս անհիմն որոշումը, որն ակնհայտորեն հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին: Դրա հետևանքները կազդեն իրավիճակի վրա թե՛ տարածաշրջանում, թե՛ ողջ աշխարհում, և Եվրախորհրդարանը պետք է դա հասկանա»,-հայտարարությունից մեջբերում է արել ISNA գործակալությունը։
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հզոր կազմակերպություն է, առանց որի ջանքերի բոլոր եվրոպական կառավարություններն այժմ կհայտնվեին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ԻՊ, արգելված է Ռուսաստանի Դաշնությունում) վերահսկողության տակ»,-ընդգծել են զինվորականները։
Գլխավոր շտաբը նաև նշել է, որ ՄԱԿ-ի կանոնադրության 39-րդ հոդվածի համաձայն՝ ահաբեկչական խմբերի և կազմակերպությունների սահմանումը Անվտանգության խորհրդի պատասխանատվությունն է, և անդամ պետությունների միակողմանի գործողությունները միջազգային մակարդակում իրավական ուժ չեն ունենա՝ համաձայն կազմակերպության կանոնադրության 2-րդ հոդվածի 7-րդ կետի:
Չորեքշաբթի Եվրախորհրդարանի պատգամավորները ձայների մեծամասնությամբ հավանություն են տվել բանաձևին, որը կոչ է անում Եվրամիության ղեկավարությանը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։ Փաստաթուղթը խորհրդատվական բնույթ ունի և չի կարող ԵՄ-ին պարտավորեցնել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ներառել ահաբեկիչների ցուցակում։ Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 589, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 31 պատգամավոր։
Հարակից հրապարակումներ`
- Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը կոչ է անում ԱՄՆ-ի աշխարհի բռնապետեր պատրաստող գործարան
- Իսլամական հեղափոխությունն իրանահայերի համար կյանքի նոր պայմաններ ստեղծեց. Թեհրանի Հայոց թեմի առանջորդ