ԱՄՆ-ը Թուրքիային F-16 կործանիչներ չի տրամադրի. Պաշտոնաթող գեներալ
ԱՄՆ-ը Թուրքիային F-16 կործանիչներ չի տրամադրի, Անկարան պետք է այս հարցում համագործակցի Մոսկվայի հետ: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ նման կարծիք է հայտնել թուրք պաշտոնաթող գեներալ Ֆահրի Էրենելը։
Նախկինում ԱՄՆ-ը Թուրքիային դուրս է թողել F-35 կործանիչների ծրագրից՝ որպես պատիժ ռուսական հակաօդային պաշտպանության S-400 համակարգեր գնելու համար։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հետագայում հայտարարեց այլ կործանիչներ գնելու ամերիկյան առաջարկի մասին, բայց ոչ թե հինգերորդ, այլ չորրորդ սերնդի՝ F-16: Գործարքը պետք է քննարկվի Կոնգրեսում, որտեղ այն ունի հզոր հակառակորդներ։
«Ես դա տեսնում եմ այնպես, ինչպես տեսնում եմ Patriot համակարգի հետ կապված գործընթացը, նրանք ասացին, որ մեզ չեն տա, իսկ երբ մենք գնեցինք S-400-ը, այն օգտագործեցին որպես պատժամիջոցների գործիք: Նման գործընթաց է զարգանում. F-16-ով, ասենք որոշեն, որ 1-2 տարում արդիականացնենք եղածները, բայց մնացած 60-ի ստանալու համար առնվազն 4-5 տարի կպահանջվի։ 4-5 տարի հետո Թուրքիան. կմշակի իր սեփական ինքնաթիռը: Այս պահին ես կարծում եմ, որ մենք պետք է համագործակցենք այն երկրների հետ, որոնք կլրացնեն մեր դեֆիցիտը և մեզ պատրաստի ինքնաթիռներ կտրամադրեն: Դա կարող է լինել Ռուսաստանը, Ֆրանսիան...»,-գեներալի խոսքերն է մեջբերել Aydınlık թերթը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը Թուրքիային F-16-ներ չի տրամադրի, «նույնիսկ եթե Անկարայում իշխանությունը փոխվի»։
«Եթե նույնիսկ Թուրքիայում իշխանություն փոխվի, F-16-երը չեն տրվի, սա Թուրքիայի հեռանկարն է, բացի այդ, եթե նույնիսկ իշխանությունը փոխվի, ես չեմ կարծում, որ Էգեյան ծովում կամ Կիպրոսում այլ բան կլինի, քանի որ ցանկացած մեկը, որը կստանձնի այդ պաշտոնը և կունենա Կիպրոսի և Էգեյան ծովի նկատմամբ այլ մոտեցումներ կհեռանա իշխանությունից, նա ապագա չի ունենա»,-ասել է Էրենելը:
Հարակից հրապարակումներ`
- Ջո Բայդենի վարչակազմը կդիմի Կոնգրեսին Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու համար
- ԱՄՆ-ի կոնգրեսը հանել է Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու նախապայմանները
- ԱՄՆ-ը հանում է Թուրքիայի դեմ սահմանած F-16-երի գործարքի սահմանափակումները
- Մենենդեսն առաջարկել է սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային, դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին
- Թուրքական պատվիրակությունը մեկնում է ԱՄՆ՝ F-16 կործանիչների հարցով բանակցելու