90 տարեկան «Ալմաստը» ասում է՝ լինենք տոկուն, չընկճվենք ու պայքարենք մեր երկրի համար
««Ալմաստը» ըստ էության դարձավ Սպենդիարյանի կարապի երգը: Դա նրա ստեղծագործության գագաթն է, թանկարժեք ընծա հայ ժողովրդին: Սպենդիարովը իրոք թողել է պայծառ հիշատակ: Թող որ այն մնա սերունդներին»,- նկարիչ Մարտիրոս Սարյանն է ասել Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի մասին։
1933 թվականի հունվարի 20-ին, Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայով բացվեց Հայաստանի օպերային թատրոնը։ 90 տարի անց հենց նույն օրը Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում կլինի հոբելյանական «Ալմաստ»-ը:
Դիրիժորն է Հարություն Արզումանյանը, բեմադրող ռեժիսորը՝ Գեորգի Իսահակյան /ՌԴ արվ. վաստ. գործիչ/, Ալմաստի դերում հանդես կգա Ինգա Կարապետյանցը, Նադիր շահի՝ Հայկ Տիգրանյանը, Թաթուլ իշխանի՝ ՀՀ վաստ.արտիստ Առնոլդ Քոչարյանը։
Panorama.am-ը ներկա է եղել օպերայի փորձին։
«Ալմաստ» օպերայի ռեժիսոր Ալիս Հեքիմբաշյանը մեզ հետ զրույցում ասաց, որ օպերան շատ մեծ տեղ է գրավել իր երաժշտականությամբ. «Ալեքսանդր Սպենդիարյանը գրել է այնպիսի նվագախմբային հատվածներ, պարեր, որոնք մատչելի են, ընկալելի, կա նաև իր սիմֆոնիստական մտահղացումը, որը շատ բարձր մակարդակի է։ Կան հատվածներ, որոնք այնքան էլ մատելի չեն, պետք է մի քանի անգամ նայել ներկայացումը, որպեսզի գեղեցկությունը հասկանաս, մտնես երաժշտության մեջ ողջ խորությամբ։
Դերերգերն էլ ունեն բարդություններ, ամեն երգիչ չի կարող երգել Ալմաստ, Նադիր շահ, պետք է լավ աշխատեն, կերպարը վոկալի հետ համաձայնեցրած ներկայացնի»։
Նրա խոսքով, այս օպերայի բովանդակությունը պետք է սթափեցնող լինի, որ դավաճանությունը վատ գիծ է։ Նա կարծում է, որ Սպենդիարյանի երաժշտությունը պետք է ազդեցություն ունենա, ընդհանարապես այս օպերան պետք է ոգևորի մեր ազգին՝ լինենք տոկուն, չընկճվենք ու պայքարենք մեր երկրի համար։
Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանը նախ շնորհավորեց ոչ միայն թատրոնի երգիչներին, գեղարվեստական անձնակազմին, ամբողջ հայ ազգին, որ 90 տարի ունի օպերային թատրոն։
«Այն ժամանակ մարդիկ կարողացան ստեղծել հայկական օպերա, որով հպարտանում ենք մինչ օրս։ Ոչ բոլորին է այդ պատիվն ընձեռված՝ ունենալ թատրոն և պահպանել»,- ասաց Հ.Գրիգորյանը։
Նրա խոսքով, հենց այս օպերան հիմք հանդիսացավ, որ մենք այսօր ունենք փառահեղ օպերային երգիչ, երգչուհիներ։
Մանրամասն՝ տեսանյութում։
«Ալմաստ» օպերան հայ ժողովրդի հերոսական-ազատագրական պայքարն արտացոլող ստեղծագործություն է, որը գրվել է Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի հիման վրա: Օպերայի վրա կոմպոզիտորն աշխատել է կյանքի վերջին 10 տարիների ընթացքում՝ 1918-1928 թվականներին: Օպերայի սյուժեն ընտրվել է Ալեքսանդր Սպենդիարյանի և Հովհաննես Թումանյանի՝ 1916 թ. Թիֆլիսում կայացած հանդիպման ժամանակ։ «Ալմաստ» օպերայի լիբրետոն գրել է Սոֆյա Պառնոկը:
Օպերայի ստեղծման պատմության հետ կապված մանրամասներ կան Նվարդ Թումանյանի հուշերում. «Ալեքսանդր Սպենդիարյանը հաճախ էր այցելում հայրիկին. ճաշերին երբեմն մեր տուն էր գալիս, երեկոները հայրիկի հետ անցկացնում:
Սպենդիարյանը հետաքրքրվեց «Անուշ» պոեմով. ուզում էր ձայնագրել: Բայց ծանոթանալուց հետո նյութը գտավ միանգամայն անծանոթ: Որոշեցին ամռանը միասին Լոռի գնալ: Հետո հայրիկը կարդաց «Փարվանան». կոմպոզիտորը հավանեց և ավելի հարմար գտավ օպերայի համար, բայց նկատեց, որ սյուժեն փոքր էր: Խնդրում էր՝ հայրիկը որոշ հատվածներ ընդարձակի, երգեր ավելացնի և այսպիսով իրեն հնարավորությւոն տա օպերա գրելու: Հայրիկը կարծես թե գլխի ընկավ նրա ցանկացածը և կարդաց «Թմկաբերդի առումը»:
Սպենդիարյանն ուրախացած տեղից վեր թռավ ու սկսեց սենյակում ոգևորված ման գալ: Նա խնդրեց, որ հայրիկն ամբողջ պոեմը բառացի թարգմանի իր համար: Առանձնապես հավանել էր նախերգանքը: Ոգևորված քայլումէր ու արտասանում. «Հեյ, պարոններ, ականջ արեք թափառական աշուղին…», և խնդրում էր հայրկին, որ պեոմը նորից կարդա:
Երկուսով նստած՝ մինչև ուշ գիշեր պոեմը արարների էին բաժանում, պատկերներ գծում:
… Հայրիկի ցանկությամբ օպերան պիտի կոչվեր «Գոհար»՝ իշխանուհու անունով: Բայց, ինչպես հետագայում Ալեքսանդր Սպենդիարյանն է բացատրել, երկու ձայնավորների՝ օ-ի և ա-ի հարևանությունը խանգարել է երաժշտությունը գրելիս, ուստի և «Գոհարը» փոխարինել է այդ անվան հոմանիշ «Ալմաստ» անունով»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին