Առողջապահության նախարարությունն իր ծախսերի արդյունավետությունը գնահատելու համար տվյալներ չի ներկայացրել
«Հաշվեքննիչ պալատն ունեցել է լուրջ խնդիր՝ կապված տեղկատվության տրամադրման հետ և հիմնականում դրա սահմանափակ տրամադրումը, իսկ առանձին դեպքերում դրանց բացակայությունն էականորեն սահմանափակել են հաշվեքննության շրջանակը՝ հանգեցնելով կատարողականի հաշվեքննության համար սահմանված հարցերի գնահատման անհնարինությանը»,-ԱԺ-ում հայտնեց ՀՀ հաշվեքննիչ պալատի 7-րդ վարչության պետ Խաչիկ Փափազյանը:
Նա ԱԺ Ֆինանսավարկային ու բյուջետային և Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում զեկուցեց ընթացիկ եզրակացությունը, որը վերաբերում էր Առողջապահության նախարարությունում սոցիալապես անապահով և առանձին խմբերի անձանց բժշկական օգնության նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքներին:
Փափազյանի խոսքով՝ Առողջապահության նախարարությունը չի տրամադրել ծրագրից օգտված և էլեկտրոնային առողջապահության «ԱրմՄեդ» համակարգում արձանագրված շահառուների նույնականացման, ինչպես նաև քաղաքացիներին տրամադրած ուղեգրերի վերաբերյալ տեղեկատվությունը, հետևաբար՝ հնարավոր չի եղել համադրել շահառուների և նրանց մատուցած ծառայությունների ֆինանսավորման հիմքում ընկած ցուցանիշները և դրանց հավաստիությունը, ինչպես նաև ներկայացված հաշվետվություններում արտացոլված տեղեկատվության արժանահավատությունը:
Հաշվեքննիչ պալատի վարչության պետը հայտարարեց, որ այդ պատճառով էլ հնարավորություն չեն ունեցել գնահատել միջոցառման նպատակային իրականացման արդյունավետությունը:
«Պալատը առաջարկել է քննարկման առարկա դարձնել Էլեկտրոնային առողջապահության «ԱրմՄեդ» համակարգում տվյալների անժամկետ պահպանման, անհրաժեշտության դեպքում՝ դրանց ամբողջական արտահանման, ներառյալ մատուցված ծառայությունների վերաբերյալ անհատական տվյալները, հնարավորություն ստեղծելու հարցը»,-հայտնեց Խաչիկ Փափազյանը:
Անդրադառնալով բժշկական ծառայությունների գների ձևավորման և հաշվարկման խնդրին՝ ՀՔՊ-ի պաշտոնյան հայտնեց, թե քանի որ դրանց սահմանման և հաշվարկման մեթոդաբանություն չի տրամադրվել՝ կրկին հնարավոր չի եղել գնահատել նաև միջոցառման ծախսային արդյունավետությանը:
«Նախարարի 115 հրամանով հաստատված ուղեցույցների թիվը չի գերազանցել 1000-ը, այն դեպքում, երբ ԱՀԿ-ի հաշվառած հիվանդությունների թիվը գերազանցում է 14000-ը»,-հայտնեց բանախոսը և հայտարարեց, որ բուժումներն ու վճարումները կատարվել են կլինիկական ուղեցույցների և նեղ մասնագետների բացակայության պայմաններում:
Խաչիկ Փափազյանը հայտնեց, որ նախարարության կողմից տեղեկատվության չտրամադրումը անհնար է դարձրել գնահատել նաև ծրագրի համար ծախսված գումարների արդյունավետությունը և նպատակայնությունը:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը պատճառաբանեց, որ այդ տվյալները բժշկական տվյալներ են, դրա համար էլ չեն տրամադրվել և պետք է օրենսդրական փոփոխությամբ ՀՊ-ին դրանց ծանոթանալու հանրավություն ընձեռվի:
Հարակից հրապարակումներ`
- 5 դեմ ձայներով Գագիկ Բարսեղյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
- ԱԺ ՔՊ խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու առաջադրեց Գագիկ Բարսեղյանին
- Ատոմ Ջանջուղազյանը նախկին է, ներկա, փաստորեն և ապագա. ԱԺ-ում ընտրում են Հաշվեքննիչ պալատի նախագահ