Սիրո և վշտի արիաները Գևորգ Հակոբյանի մատուցմամբ
Աշխարհահռչակ «Դելոս» ստուդիան մեր ժամանակների լավագույն բարիտոններից մեկի՝ Գևորգ Հակոբյանի մասնակցությամբ նոր ալբոմ է թողարկել։ Նշանավոր երաժշտական քննադատ Ռաֆայել դե Աչայի բնորոշմամբ Գևորգ Հակոբյանը ծագող աստղ է միջազգային օպերային ասպարեզում, ում խորը, հնչեղ ձայնը դրամատիզմ և վառ գույներ է հաղորդում այս ալբոմի յուրաքանչյուր արիայի միջոցով։
«Գևորգ Հակոբյանի ձայնն իսկական դրամատիկ ձայն է, ժայռի պես ամուր։ Այս ալբոմում ներառված Պուչչինիի և Վերդիի ստեղծագործությունները բացառիկ մատուցմամբ են ներկայացվում Գևորգ Հակոբյանի կողմից։Ռախմանինովի «Ալեկո» օպերայից նշանավոր արիան Գ․Հակոբյանը ներկայացնում է համարձակ ու պաթոսով»-, նշում է իր խոսքում Ռաֆայել դե Աչան։
«Դելոսի» ձայնագրությունը համաշխարհային երաժշտական աշխարհում մեծ արձագանք է գտել, քանի որ նշանավոր օպերային երգիչ Գևորգ Հակոբյանը ի թիվս աշխարհահռչակ կոմպոզիտորների ստեղծագործությունների ներկայացրել է նաև հայ մեծանուն կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի «Անուշ» և «Դավիթ Բեկ» օպերաներից հատվածներ, ինչպես նաև «Արշակ Բ» օպերայից նշանավոր հատվածներ՝ նորովի մատուցելով հայկական օպերային արվեստի լավագույն ստեղծագործությունները։
Աշխարհահռչակ դիրիժորներ Կոնստանտին Օրբելյանը և Ջոն Ֆիշերն են Գևորգ Հակոբյանի կատարմամբ «Դելոսի» ձայնագրության դիրիժորները։ Նրանց ղեկավարությամբ Կաունասի սիմֆոնիկ նվագախումբը հիանալիորեն է ներկայանում։
Կոնստանտին Օրբելյանի և Գևորգ Հակոբյանի համագործակցությունը շարունակվում է արդեն մի քանի տարի և մշտապես արժանացել է համաշխարհային նշանավոր արվեստաբանների բարձր գնահատականին։
Ռաֆայել դե Աչան եզրափակելով իր խոսքը գրում է․ «Գևորգ Հակոբյանը մեծ արտիստ է և արժանի է ներկայանալու աշխարհի նշանավոր օպերային թատրոններում»։