Քուրդ գործիչը չի հավատում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը
Թուրքիայում գործող ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ, այժմ բանտարկված Սելահաթթին Դեմիրթաշը Հրանտ Դինքի սպանության տարելիցին հարցազրույց է տվել հայ լրագրող Արիս Նալճըին։
Հարցազրույցում Դեմիրթաշը խոսել է նաև Հայ-թուրքական կարգավորման գործընթացի մասին, փոխանցում է Էրմենիհաբերը։
ուրդ գործիչը իշխող «Արդարություն և զարգացում» ու «Ազգայնական շարժում» կուսակցությունների կոալիցիան բնութագրելով ռասիստական և ֆաշիստական քաղաքականությունների միաձուլում, նշել է, որ այդ իսկ պատճառով հայ ժողովրդի և Հայաստան պետության հետ հավասարության, եղբայրության հիմքով որևէ հարաբերությունն այս կառավարության ժամանակաշրջանում անհնար է։
«Էրդողանական պետությունը չունի այնպիսի հոգսեր, ինչպիսիք են խաղաղությունը, արդարությունը, հավասարությունը, ազատությունը, հարևանների հետ լավ հարաբերությունները․․․
Անշուշտ, համակողմանի պաշտոնական առերեսում է անհրաժեշտ հայ ժողովրդի ապրած ողբերգության հետ, անշուշտ, հայկական պետության հետ իրական հարևանային հարաբերություն է անհրաժեշտ և, անշուշտ, անհրաժեշտ է վերացնել հայերի դեմ թշնամանքը, որը հասարակության մեջ անբարոյական վարք է, սակայն այժմ դրա համար հող չկա»։
Դեմիրթաշի կարծիքով այս պահին Թուրքիայի և Հայաստանի միջև առկա հարաբերություններում «կարգավորման» փնտրտուքը երկու կողմերի տեսանկյունից ռեալպոլիտիկ, պրագմատիկ գործընթացի հարաբերական արտացոլումն է: Ըստ այդմ էլ երկու կողմի տեսանկյունից էլ չեն երևում հստակ, իսկական, անկեղծ խաղաղության համար անհրաժեշտ պայմանները։
«Խաղաղության, առերեսման նպատակ էլ չկա։ Պուտինի պարտադրանքի և հրատապ քաղաքական կարիքների պատճառով մակերեսային երկխոսությունից այն կողմ անցնող նվազագույն ջանք էլ չկա։ Այս մտածելակերպով հնարավոր էլ չէ, որ լինի»,- եզրափակել է Դեմիրթաշը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան