Գանձախուզություն՝ Ախթամիրի ամրոց հուշարձանի տարածքում
ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության Արագածոտնի մարզային ծառայության աշխատակիցները «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում իրականացրած շրջայցի ընթացքում, դամբարանադաշտում արձանագրել են գանձախուզության նոր դեպք։
Տեղի ունեցածի մանրամասները պարզելու նպատակով ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հուշարձանների պահպանության բաժնի և ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության աշխատակիցները գանձախուզության դեպքի վերաբերյալ նյութեր են նախապատրաստում՝ ոստիկանություն դիմելու նպատակով:
ՊՈԱԿ-ից հայտնում են, որ սա տարվա սկզբին հայտնաբերված առաջին գանձախուզության դեպքն է։
2022 թվականին ՀՀ պատմամշակութային հուշարձանների տարածքում արձանագրվել է իրավախախտման 79 դեպք, որից 4-ը՝ գանձագողություն, 2021 թվականին արձանագրված 131 իրավախախտման դեպքից 12-ն է գանձագողություն, 2020 թվականին ևս արձանագրվել է 79 դեպք, որից 13-ը՝ գանձախուզություն-գանձագողություն։
Պատմական ակնարկ
Ամրոցը բազմաշերտ հուշարձան է, /պետ. ցուցիչ` 2․87․1/
Թվագրվում է մ.թ.ա. III հազ․, գոյատևել է մինչև մ.թ. XIX դ։
Բազմիցս վերականգնվել է։ Հուշարձանն անկանոն քառակուսի է (մոտ 155 x 135 մ)։
Կիկլոպյան քարերով կառուցված նախաքրիստոնեական այս ամրոցը մի կողմից պաշտպանված է եղել ժայռերի բնական ամրությամբ, մյուս կողմերից անշաղախ որձաքարերի մեծ զանգվածներով շինված բրգաձև պարիսպներով։
Ամրոցի դռան երկու կողմում հսկայական քառակուսի բուրգեր են եղել, որոնց վերևի մասերը փլատակների է վերածվել, տեղ-տեղ պահպանվել են 4-5 մ բարձրության պատեր։
Եղել է վաղբրոնզեդարյան բնակավայր, որը երկաթե դարում դարձել է քաղաքատեղի, իսկ միջնադարում՝ գյուղատեղի։ Հայտնաբերվել են բրոնզի և վաղերկաթի շրջափուլերի դամբարանադաշտ և միջնադարյան գերեզմանոց, խեցեղենի բեկորներ, պաշտպանական պարսպի մնացորդներ։ Հուշարձանն ուսումնասիրել են Թ․ Թորամանյանը (1924), Ի․ Մեշչանինովը, հետագայում՝ Մ․ Հասրաթյանը (1950, 1951, 1952), Ս. Սարդարյանը (1956-57)։
Նկարները՝ ՊՈԱԿ-ի կայքից։