Panorama.am-ի հարցմանը ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը՝ միայն ենթադրությունների առիթ
Արցախի Հանրապետության բլոկադայի օրերին Թուրքիան հայտարարեց, թե հունվարի 6-ից վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը:
Panorama.am-ը գրությամբ դիմեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ հարցնելով, թե ՀՀ ԱԳՆ-ն նպատակահարմար չի՞ գտնում հրաժարվել բացել Թուրքիայի հետ բեռնափոխադրման օդային կապը՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ այդ երկրի ղեկավարությունը, ոչ միայն չի քննադատում Ադրբեջանի կողմից Արցախի բլոկադան, այլև պաշտոնական Բաքվին աջակցող հայտարարություններով է հանդես գալիս:
Նաև հետաքրքրվել էինք, թե հայկական կողմն ի՞նչ աշխատանքներ է տանում Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ գոնե օդային կապ ապահովելու ուղղությամբ, նաև՝ Թուրքիայի միջնորդության դիտարկմամբ:
Panorama.am-ը ՀՀ ԱԳՆ Լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից ստացել է պատասխան, որում ասվում է. «Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման առաջին իսկ օրվանից ՀՀ ԱԳՆ-ն և համապատասխան գերատեսչությունները մշտապես կապի մեջ են գտնվում միջազգային տարբեր կառույցների հետ Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի արդյունքում առաջացած խնդիրների հասցեագրման համար:
Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ 2023 թվականի հունվարի 6-ին վերացվել է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը՝ համաձայն 2021 թվականի հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանն ձեռք բերված պայմանավորվածությունների»:
Պատասխան գրությունից պարզ է դառնում, որ ՀՀ արտաքին գերատեսչությունը չի պատասխանել հիմնական հարցադրմանը, այն է՝ արդյո՞ք չեն պատրաստվում հրաժարվել Թուրքիայի հետ օդային ուղիղ բեռնափոխադրումներից, քանի դեռ վերջինս քայլեր չի արել Ադրբեջանին «հորդորելու», բացել Լաչինի միջանցքը: Առաջին հայացքից թվում է, թե Հայաստանի կողմից նման որոշման կայացումը ԱԳՆ իրավասությունների մեջ չէ, սակայն որպես արտաքին հարաբերությունների պատասխանատու գերատեսչություն, այս կառույցը նվազագույնը պետք է տեղեկացված լիներ նման քայլ անելու կամ չանելու՝ հայկական կողմի մտադրության մասին: Հետևաբար, մեզ մնում է միայն ենթադրել, որ ՀՀ -ն այս գործիքը չի օգտագործել Արցախն ապաշրջափակելուն ուղղված աշխատանքներում Ադրբեջանի վրա միջնորդավորված ներգործության համար:
Ադրբեջանի՝ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ 2020 թվականի սեպտեմբրի լայնամասշտաբ ագրեսիայի ընթացքում և հետո Ադրբեջանի իշխանություններին հաջողվեց, բացի Արցախից պոկած-գրաված տարածքների, գրավել նաև Արցախ-Հայաստան սահմանակից մարզերը, ինչի պատճառով թշնամական Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի Հանրապետության միակ կապը ՀՀ հետ իրականացվում էր մի միջանցքով։
Ըստ Եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը պիտի ապահովեր, ինչը նույնն է՝ չխոչընդոտեր Արցախի միջանցքով հաղորդակցությանը, իսկ ՌԴ խաղաղապահ զորքերը պիտի վերահսկեին այդ անխոչընդոտ կապը։
Սակայն, շարունակելով հայասպան քաղաքականությունը, Ադրբեջանը կազմակերպեց, այսպես կաչված, «բնապահպանների» բողոք-ցույց, ումով էլ Արցախի (Լաչինի) միջանցքը փակեց։
Մի ամսից ավելի է Արցախի Հանրապետությունը գտնվում է տոտալ շրջափակման մեջ, իսկ ադրբեջանցի «բնապահպանները», որոնց թվում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալներ, Ապրիլյան պատերազմի մասնակից,... դարձել են անձեռնամխելի՝ նոր բախման շանտաժով։
Չնայած տարբեր երկրիների կոչերին՝ բացել Արցախ-Հայաստան միջանցքը, ադրբեջանական հերթական ագրեսիան դեռ մնում է անպատիժ։
Հարակից հրապարակումներ`
- ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահը կոչ է անում վերաբացել Լաչինի միջանցքը
- Եվրախորհրդարանը պահանջում է անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը. «Արմենպրես»
- Բլինքենը Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լաչինի միջանցքի անխափան գործունեության կարևորությունը
- Ավստրիայի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է անում վերաբացել Լաչինի միջանցքը
- Թուրքական կողմը Երևանին հայտնել է ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվելու մասին. ԱԳՆ խոսնակ
- Իրենց ասած «խաղաղությունը» ՝ Եռաբլուրինն է, այնտեղ էլ բոլորը լուռ են․ Կարինե Նալչաջյան
- Իտալական Պալացցո Ֆուլչիսի մեծ դահլիճում Անտոնիա Արսլանը կներկայացնի Դադիվանքի որմնանկարների մասին գիրք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան