Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը. ԱՀ օպերատիվ շտաբ
Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբը հայտնում է.
«Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը Հանրապետությունում կվերականգնվի որոշակի սահմանափակումներով։
Կենսական նշանակության ենթակառուցվածքների անխափան գործունեությունը և բնակչության նվազագույն կարիքները ապահովելու նպատակով սահմանափակ ծավալով մատակարավող գազը հասանելի կլինի Ստեփանակերտ քաղաքի բնակելի տների, շրջանային գազալցակայանների, ինչպես նաև ռազմավարական նշանակության որոշ օբյեկտների համար:
Բնակչությանը հորդորում ենք լինել ուշադիր և պահպանել գազից անվտանգ օգտվելու կանոնները»։
Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Ադրբեջանը խափանել էր Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը: Արցախգազ ընկերությունը հայտնել էր, որ հանրապետություն գազ չի մատակարարվում և ներկայումս օգտագործվում է խողովակներում առկա գազը:
Ադրբեջանի՝ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ 2020 թվականի սեպտեմբերին լայնամասշտաբ ագրեսիայի ընթացքում և հետո Ադրբեջանի իշխանություններին հաջողվեց, բացի Արցախից պոկած-գրաված տարածքների, գրավել նաև Արցախ-Հայաստան սահմանակից մարզեր, ինչի պատճառով թշնամական Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի Հանրապետության միակ կապը ՀՀ հետ իրականացվում էր մի միջանցքով։
Ըստ Եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը պիտի ապահովեր, ինչը նույնն է՝ չխոչընդոտեր Արցախի միջանցքով հաղորդակցությունը, իսկ ՌԴ խաղաղապահ զորքերը պիտի վերահսկեին այդ անխոչընդոտ կապը։
Սակայն, շարունակելով հայասպան քաղաքականությունը, Ադրբեջանը կազմակերպեց, այսպես կոչված, «բնապահպանների» բողոք-ցույց, ումով էլ Արցախի (Լաչինի) միջանցքը փակեց։
Մի ամսից ավելի է ` Արցախի Հանրապետությունը գտնվում է տոտալ շրջափակման մեջ, իսկ ադրբեջանցի «բնապահպանները», որոնց թվում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալներ, Ապրիլյան պատերազմի մասնակից,... դարձել են անձեռնմխելի՝ նոր բախման շանտաժով։
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին դեռևս թույլտվություն չկա, որպեսզի այցելենք դեպքի վայր. Արցախէներգոյի փոխտնօրեն
- Ադրբեջանը կրկին խափանել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը
- Արցախում վաղվանից անցում կկատարվի հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկի՝ ներկայիս երկու ժամվա փոխարեն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին