«Հուսով ենք՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը կանխելու նպատակով Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին կհետևեն գործնական քայլեր»
Եվրախորհրդարանի հետ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բարեկամական խումբը երախտագիտություն է հայտնել ԵԽ գործընկերներին։ Տարածած հայտարարության մեջ ասված է.
«Երախտագիտություն ենք հայտնում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հետ Եվրախորհրդարանի բարեկամական խմբի անդամներին և Եվրոպայի ներկայացուցչական բարձրագույն մարմնի բոլոր այն պատգամավորներին, որոնք, անկախ ամեն ինչից, հասցեական գնահատական են տվել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված ծանր կացությանը:
«Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետևանքները» խորագիրը կրող բանաձևով Եվրոպայի մեր գործընկերները Ադրբեջանի իշխանություններից պահանջում են պատանդության մեջ հայտնված Լեռնային Ղարաբաղի 120 000 ազգաբնակչության նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական ճնշումները և ընդհանրապես հայ ժողովրդի հանդեպ ոտնձգությունները դադարեցնել, վերադառնալ կառուցողական դաշտ ու իրենց իսկ ստանձնած պարտականությունների շրջանակում ապաշրջափակել Լեռնային Ղարաբաղը՝ դրանով իսկ կանխելով հետագա առճակատումը:
Հուսով ենք՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը կանխելու նպատակով Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին կհետևեն գործնական քայլեր»։
Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանը քննարկել է Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների վերաբերյալ հարցն ու ափսոսանք հայտնել Ադրբեջանի ինքնահռչակ բնապահպանների կողմից Լաչինի միջանցքի ներկայիս շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած ծանր հումանիտար ճգնաժամի կապակցությամբ։
Նշվել է՝ քանի որ միջանցքը պատերազմից տուժած տարածաշրջանը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է, Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին անհապաղ վերաբացել այն՝ ապահովելու ազատ տեղաշարժը և առավել խոցելի խավի համար անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների հասանելիությունը:
Քննարկումների արդյունքում ընդունվել է բանաձև, որն ընդգծում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը, որը երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։
Այն կոչ է անում թույլ տալ միջազգային կազմակերպություններին մուտք գործել տարածք՝ անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրելու համար, ինչպես նաև ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ փաստահավաք առաքելությանը մեկնել Լաչինի միջանցք՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար:
«Ի հավելումն, Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտում են տարածքում ներկա ռուս «խաղաղապահների» անգործությունը և գտնում են, որ նրանց պետք է փոխարինեն ԵԱՀԿ միջազգային խաղաղապահները։ Նրանք նաև խրախուսում են ԵՄ-ին երաշխավորել, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այլևս պատանդ չլինեն Բաքվի ակտիվության, Ռուսաստանի ապակառուցողական դերի կամ Մինսկի խմբի անգործությանը»,-ասված է ԵԽ պաշտոնական կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան