Արցախի ԱԳ ղեկավարը նամակ է ուղարկել ԵԽ Գլխավոր քարտուղարին՝ Արցախի շրջափակման կապակցությամբ
Հունվարի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը նամակն է ուղարկել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման կապակցությամբ։
Նախարարության փոխանցմամբ, նամակում ներկայացվել են շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, ինչպես նաև մարդկանց տառապանքները սաստկացնելու նպատակով Ադրբեջանի կողմից Արցախի Էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքի դիտավորյալ խափանումները։
Նամակում նշվում է, որ Ադրբեջանը, իր կանխամտածված գործողություններով, Արցախի ժողովրդին զրկում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորվող մարդու հիմնական իրավունքներն իրացնելու հնարավորությունից, ինչը հանդիսանում է պետական ահաբեկչություն։
Ընդգծվել է, որ Ադրբեջանը, որն Արցախի դեմ 2020 թվականի բարբարոսական ռազմական արշավից հետո անօրեն մնում է Եվրոպայի խորհրդի անդամ պետություն, ներկայումս օգտագործում է կեղծ «բողոքի ակցիաները» որպես հիբրիդային պատերազմի մարտավարություն, որպեսզի հասնի Արցախի ժողովրդին բնաջնջելու հրապարակայնորեն հայտարարված նպատակին:
Այդ համատեքստում նամակում կոչ է արվել ԵԽ Գլխավոր քարտուղարին, կազմակերպության ղեկավարությանը և անդամ պետություններին կանխել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, արագ և վճռականորեն օգտագործել Եվրոպայի խորհրդի ողջ գործիքակազմը՝ Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի և անմարդկային շրջափակումն անհապաղ վերացնելու նպատակով։ Փաստաթղթում նաև նշվում է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, մասնավորապես, կազմակերպությունում վերջինիս ներկայացուցչության իրավունքները կասեցնելու անհրաժեշտությունը՝ ԵԽ կանոնադրության բացահայտ խախտման պատճառով։
Գրության պատճեններն ուղարկվել են նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահին, Մարդու իրավունքների հանձնակատարին և խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարին։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին