
Հանրային պաշտպանի գրասենյակը հանձնառու է անվճար իրավաբանական օգնություն տրամադրել հրդեհի հետևանքով տուժած զինծառայողներին
ՀՀ փաստաբանների պալատը ցավակցում է հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին և հայտնում իր զորակցությունը:
Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից միաժամանակ տեղեկացնում են, որ ՀՀ փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակը, օրենքով սահմանված իր գործառույթներին համապատասխան, հանձնառու է անվճար իրավաբանական օգնություն տրամադրել
հրդեհի հետևանքով տուժած պարտադիր ժամկետային զինծառայողներին, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին:
«Անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ Հանրային պաշտպանի գրասենյակ (Երևան, Զաքյան 7-2), այլ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010-604605 հեռախոսահամարով»,-նշում են պալատից։