Եվրախորհրդարանը հայտարարել է Եվրոպայում դեղերի դեֆիցիտի մասին
Եվրախորհրդարանի հույն պատգամավոր Մարիա Սպիրակին ուշադրություն է հրավիրել Եվրոպայում դեղերի պակասի վրա։ Քաղաքական գործիչը այս մասին իր մտահոգությունն է հայտնել Եվրահանձնաժողովին ուղղված դիմումում։
«RT»-ի փոխանցմամբ, պատգամավորը հայտնել է, որ Եվրոպայում դեղերի բացակայության հետ կապված իրավիճակը պայմանավորված է «Չինաստանից և Հնդկաստանից անհրաժեշտ հումքի արտադրության և մատակարարման ընդհատումներով կամ դրանց նվազմամբ»։
Ինչպես հավելել է Եվրախորհրդարանի պատգամավորը, առկա իրավիճակն էլ ավելի է բարդացել այն պատճառով, որ գրիպի նոր ալիքը տարածաշրջան է եկել «սպասվածից շուտ»։
Սպիրակին Եվրահանձնաժողովին հարցրել է, թե ինչ «հրատապ միջոցներ» են մտադիր ձեռնարկել այդ խնդիրը լուծելու և Եվրոպայում դեղերի արտադրությունն ավելացնելու համար, և ի՞նչ ֆինանսավորում է ներկայումս հասանելի ԵՄ անդամ երկրներին՝ խրախուսելու արտադրությունը։
Ավելի վաղ եվրոպական լրատվամիջոցները հայտնել էին, որ Եվրամիությունում դեղորայքի պակաս կա։ Մասնավորապես, նվազել են հակաբիոտիկները, գրիպի և այլ շնչառական վարակների դեմ դեղամիջոցները։