Ինչ եղանակով է հնարավոր է բուժել վերջույթների երկարությունների տարբերությունը
Օրթոպեդ-վնասվածքաբան,«Արմենիա» ՀԲԿ, մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Արա Այվազյանը ներկայացնում է վերջույթների երկարությունների տարբերությունների և դրանց բուժման եղանակների մասին։
Պրոֆեսորի նշում է, որ վերջույթների երկարությունների տարբերությունը հիմնականում բնածին խնդիր է:
«Կա բուժման երկու տարբերակ՝
- երկարացնել կարճ վերջույթը,
- կանգնեցնել երկար վերջույթի աճը:
Առաջին դեպքում պահանջվում է արտաքին ֆիքսացիայի ապարատի տեղադրում: Օրական երկարում է մեկ միլիմետրով: Եթե, ենթադրենք, վերջույթը պետք է երկարացնել 3 սմ-ով, ապա ապարատը երեսուն օր պետք է ֆիքսված մնա: 4-5 ամիս էլ պետք է, որ ոսկորը կպնի ու հաստատվի: Արդյունքում՝ վերջույթի երկարացման համար միջինում կես տարի է պետք:
Երկրորդ տարբերակը՝ արգելափակել երկար վերջույթի աճը: Սա կարելի է անել, քանի դեռ երեխան փոքր է և աճման զոնան բաց է: Փոքրիկ, քիչ ինվազիվ վիրահատական միջամտություն է, տեղադրվում է 3-4 սմ երկարությամբ երկու թիթեղիկ, ոչինչ չի երևում և գրեթե հետք չի մնում: Երեխան մեծանում է, և կարճ վերջույթը հավասարվում է մյուսին, որի աճը կանգնեցված է»,- գրել է Արա Այվազյանը։