Չենք կարողանում կանխել ո՛չ ձկնագողությունը, ո՛չ էլ՝ խեցգետնի անօրինական որսը․ Էվելինա Ղուկասյան
2016թ․-ին Սևանա լճում խեցգետնի ընդհանուր քանակը կազմել է 4500 տոննա, իսկ ահա 2023թ․-ին արձանագրվել է ընդամենը 68 տոննա։ Սա խոսում է այն մասին, որ տեսակը լճում կանգնած է ոչնչացման եզրին։
«Այսօր լճում չունենք խեցգետնի արդյունագործական պաշար և, որպես կենսաբազմազանության միավոր, խեցգետինը կարող է անհետանալ։ Եթե նույն տեմպերով շարունակվի նրա մահացության գործընթացն, ապա մի քանի տարի հետո Սևանա լճում խեցգետին չենք ունենա»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Էվելինա Ղուկասյանը։
Ղուկասյանը տեղեկացրեց նաև, որ հիվանդ կենդանիների թիվը լճում նվազել, ինչը դրական է, թեև դա ևս կապված է խեցգետնի թվի անկման հետ։
«Նախորդ տարվա համեմատությամբ նույնիսկ կարող ենք արձանագրել, որ հիվանդ խեցգետինների թիվը նվազել է։ Նախորդ տարի գրվանցվել է 11% հիվանդ կենդանիներ, այսօր գրանցել ենք 6-7 %։ Հույս ունենք,որ առաջիկայում հիվանդ կենդանիների քանակն ավելի կպակասի։ երբ կենդանիների հանդիպման հաճախականությունը նվազում է, հիվանդ կենդանիների հետ շփումն ավելի քչանում է, արդունքում նվազում է վարակվածության աստիճանը»,- պարզաբանեց մասնագետը։
Անդրադառնալով լճում խեցգետնի նվազման բուն պատճառներին, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրենն ասաց, որ հիմնական պատճառը խեցգետնի անօրինական որսն է։
«Մենք չենք կարողանում կանխել ո՛չ ձկնագողությունը, ո՛չ էլ՝ խեցգետնի անօրինական որսը, այս երևույթը շարունակում է «իշխել» Սևանա լճում։ Կարծում եմ՝ օրենդրական խստացումներ են պետք և ավելի հաճախակի տեսչական այցեր, որպեսզի հնարավոր լինի կառավարել կենսառեսուրսների վիճակը Սևանա լճում»։
Բացի այդ, որսը կատարվում է զսպանակավոր և չինական հարմոնաձև խեցգետնորսիչներով, որոնք որսում են բոլոր տարիքի խեցգետիններին։
«Մենք այս խնդրի վրա բազմաթիվ անգամ ուշադրություն հրավիրեցինք, սակայն պայքարել այդ որսագործիքի դեմ, այդուհանդերձ, չհաջողվեց։ Որսագործիքի օգտագործման արդյունքում սկսեցին կտրուկ նվազել խեցգետնի պաշարները»,-հավելեց Ղուկասյանը։
Նրա խսսքով՝ անհրաժեշտ է արգելել խեցգետնի որսը լճում և առհասարակ վաճառքը։
Հարակից հրապարակումներ`
- Սևանա լճում երկարաչանչ խեցգետինը գտնվում է ոչնչացման եզրին
- Հիվանդության պատճառով Սևանա լճում խեցգետնի քանակը կտրուկ նվազել է.մասնագետ
- Արդյունագործական որսի հետևանքով վտանգվել է Սևանա լճում խեցգետնի պոպուլյացիայի վերարտադրությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին