Շրջափակման ընթացքում տեղափոխության անհնարինության պատճառով Արցախում մեկ հիվանդ մահացել է
ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է քննարկում՝ շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, քննարկմանը մասնակցում էր ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Հրավիրված էին սոցիալական, առողջապահության, էներգետիկ համակարգի պատասխանատուներ:
Ներկայացնելով իր ղեկավարած ոլորտում տիրող իրավիճակը՝ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նորանշանակ նախարար Արմեն Մանգասարյանը տեղեկություն է տրամադրել արդեն 2 օր գործող կտրոնային համակարգի առանձնահատկությունների, թոշակների և կենսական նշանակության այլ վճարումների ընթացքի, երեխաների խնամքի և պաշտպանության կենտրոնին և Ստեփանակերտի տուն-ինտերնատին սնունդով մատարակարելու, սոցիալական տարբեր խավերի տրամադրվող անհրաժեշտ օգնության վերաբերյալ:
Անդրադառնալով զբաղվածության խնդրին՝ նախարարն ասել է, որ ստեղծված իրավիճակում ավելի քան 700 գործատու չի կարողանում աշխատանք ապահովել աշխատակիցների համար: Մինչև հունվարի 25-ը կմշակվի առկա սոցիալական լարվածությունը մեղմացնելու միջոցառումների ցանկ:
Առողջապահության հիմնախնդիրները ներկայացրել է նորանշանակ նախարար Սամվել Ավետիսյանը: Ըստ նրա՝ ներկա դրությամբ 274 հիվանդ կա, որից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Շրջափակման ընթացքում տեղափոխության անհնարինության պատճառով մեկ հիվանդ մահացել է: Մինչ օրս ՀՀ է տեղափոխվել 42 հիվանդ, թիվն աճման միտում ունի:
Պաշարման ընթացքում Արցախում 158 երեխա է ծնվել, Ստեփանակերտի մոր և մանկան կենտրոնում գտնվող կանանց թիվը 23 է, հղի կանանց վիտամինային բալանսը ապահովվում է նաև խաղաղապահների օգնությամբ, մանկական սննդի խնդիր առայժմ չկա, դեղորայքով ապահովված են բոլոր բուժհաստատությունները: Խնդիր կա տակդիրների ու կանանց հիգիենիկ պարագաների հարցում:
Շտապօգնության մեքենաների համար վառելիք կա, որոշները կգազաֆիկացվեն, ծայրահեղ դեպքում կօգտվեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներից: Էներգետիկ ճգնաժամի պայմաններում անհրաժեշտ վառելիքի քանակով ու գեներատորներով համակարգն ապահովված է:
Հաղորդումներով հանդես եկան նաև «Արցախէներգո» ՓԲԸ տնօրեն Անդրանիկ Խաչատրյանն ու ու «Արցախգազ» ՓԲԸ տնօրենի տեղակալ Արթուր Դադասյանը:
Անդրանիկ Խաչատրյանը տեղեկություն է ներկայացրել վթարի պատճառի ու վայրի, էներգետիկ համակարգի առկա ռեսուրսների մասին, հիմնավորել այսօրվանից վեցժամյա հովհարային անջատման անցնելու որոշումը: Նա տեղեկացրել է, որ արտադրական ցիկլը չխաթարելու համար 24 ժամյա ռեժիմով էլեկտրաէներգիայով ապահովվում են 2 կաթի գործարաններն ու հացի թխման կետերը:
Արթուր Դադասյանն անդրադարձել է գազամատակարարման խնդիրներին:Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ գազամատակարարումը հանրապետությունում վերականգնված է:
Պատգամավորները բազմաթիվ հարցեր են ուղղել զեկուցողներին, հանդես են եկել առաջարկություններով: Նրանք առաջարկել են օր առաջ ներդնել բնակչության կարիքների գնահատման ծրագիրը, որով իրականացվող սոցիալական աջակցությունը հասցեական կլինի, անդրադարձել են կտրոնային համակարգի արդյունավետությունը բարձրացնելու խնդրին, առաջարկել են կտրոն սահմանել նաև ձվի ու կաթնամթերքի համար, մանկական սննդի բաժանումն էլ իրականացնել տեղամասային բուժաշխատողների օգնությամբ:
Շեշտվել է օրենսդիր-գործադիր համագործակցությամբ տեղերում ծագող խնդիրները վերհանելու ու դրանց համակարգված լուծում տալու անհրաժեշտությունը:
Հարակից հրապարակումներ`
- Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս վեց հիվանդ
- Արցախում կտրոններով վաճառք կիրականացվի 600 խանութում
- Կարմիր խաչի միջնորդությամբ վեց հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստան
- Շրջափակված Արցախում երեխաներ են լույս աշխարհ գալիս
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան