Ի՞նչն է խավեթցիներին ստիպում հեռանալ հարազատ բնակավայրից
Քաղաքից հեռու լինելը, գազաֆիկացման բացակայությունը, անբարեկարգ ճանապարհը, աշխատատեղերի և երիտասարդների զբաղվածությունն ապահովող հաստատություների բացակայությունը, Թուրքիային շատ մոտ լինելը, այն խնդիրների մի մասն են, որոնք ստիպում են խավեթցիներին լքել իրենց գյուղը: Նրանք գնում են՝ փնտրելով ավելի բարեկեցիկ կյանք, որ իրենց երեխաներն էլ չանցնեն այն դժվարություների միջով ինչ իրենք են անցել, գրում է Jnews.ge-ը։
Խավեթն Ախալքալաքի մունիցիպալիտետի հեռավոր և փոքր գյուղերից մեկն է: Տասնամյակներով չլուծվող խնդիրների պատճառով երիտասարդները նույնիսկ չեն կարողանում ամուսնանալ: Միայն այն պատճառով, որ իրենք ծնվել ու ապրում են Խավեթում: Ովքեր սիրահարվում են, նրանց բախտը բերում է, ամուսնանում են իրենց ընտրյալի հետ, թեկուզ հետագայում գյուղից գնալու պայմանով, Իսկ նրանք, ովքեր չունեն սիրած աղջիկ, կանգնած են բարդագույն խնդրի առջև, քանի որ ոչ մի աղջիկ չի ուզում Խավեթում հարս գնալ:
«Աղջիկներ չեն ամուսնանում մեր երիտասատդների հետ միայն այն պատճառով, որ նրանք Խավեթից են: Մնացածը երկրորդական է, լավ տղա է, կրթված է կամ ոչ: Մանկուց ուզում էի ֆուտբոլով զբաղվել, բայց ամեն անգամ քաղաք հասնելը խնդիր է, չկարողացա մարզումների գնալ, իսկ հիմա արդեն ուշ է: Ես իմ ապագան գյուղում չեմ պատկերացնում, ուզում եմ ինչ-որ բան անել գյուղի համար, բայց մենք մեր ուժերով ոչինչ չենք կարող փոխել, քանի որ խնդիրները շատ-շատ են: Տարիներով խնդիրները լուծվելու փոխարեն, կուտակվել են», - ասում է Խավեթից Փառնավազ Սիմոնյանը: Փառնավազն ապագա ուսանող է, այս տարի նա կավարտի դպրոցն ու կգնա սովորելու:
Խավեթում մարդիկ զբաղվում են՝ և անասնապահությամբ, և հողագործությամբ, որոնք էլ գյուղացիների հիմնական ապրուստի միջոցներն են:
Դժվարությամբ ստացած բերքը վաճառելն էլ գյուղացիների համար մեծ խնդիր է: Գնորդներն ամենավերջինն են այս գյուղ գնում, երբ մյուս գյուղերում այլևս ապրանք չի լինում:
Խավեթի երեխաների մանկությունը դեռ չսկսած ավարտվում է: Վաղ տարիքից երեխաները գյուղատնտեսական ծանր աշխատանք են կատարում՝ անասուներին սարերում արածացնելուց մինչև դաշտային աշխատանքներ:
«Երբ փոքր էի ու գնում էի դաշտ խոտ կամ կարտոֆիլ հավաքելու, միշտ երազում էի այնպիսի կյանք ունենալ, որ այդ գործերն այլևս չանեմ: Երբ դպրոցս ավարտեցի ծնողներս սովորելու ուղարկեցին, չնայած արձակուրդներին միշտ գնում եմ գյուղ և փորձում մերոնց օգնել: Ես միակը չեմ, գրեթե բոլորն են այդպես անում: Սովորելու ընթացքում շատերին ճանաչեցի, որոնք մեր երիտասարդներից ավելի շատ հնարավորություններ ունեն առաջ գնալու, բայց ապրում են սխալ կյանքով: Իսկ մեր գյուղի երիտասարդները այդքան դժվարություների հետ ձգտում են, որ ինչ որ բանի հասնեն, առաջ գնան, որ գոնե իրենց երեխաները լավ կյանքով ապրեն», – ասում է Խավեթ գյուղից Թբիլիսիում ուսանողը:
Նա շուտով համալսարանը կավարտի և բարձր վարձատրվող աշխատանքի կանցնի քաղաքում՝ փորձելով իր ապագան կառուցել գյուղից դուրս:
Գյուղում երիտասարդների համար զբաղմունքի համար ոչ մի հետաքրքիր վայր չկա: Ազատ ժամանակ երիտասարդների հիմնական զբամունքը դարձել է հեռախոսը:
Ժաննան ևս սովորում է Թբիլիսիում, նախապատրաստական կուրսի ուսանողուհի է: Սիրում է իր ծննդավայրը, բայց գյուղում ապագա չի տեսնում:
«Խնդիրները ստիպում են հեռանալ գյուղից, ինչքան էլ սիրես ծննդավայրդ, բայց գյուղում ոչինչ չկա: Երիտասարդների համար ոչ մի զբաղմունքի միջոց չկա: Մարդիկ հեռախոսների մեջ են, իսկ կաբելային ինտերնետը հասանելի դարձավ վերջին տարիներին, հեռախոսային կապը նորմալ չէ, Magti-ին հասանելի է ու թանկ, իսկ beeline-ը ոչ միշտ և ոչ բոլոր տեղերում է հասանելի: Օնլայն դասերի ժամանակ ինտերնետի բացակայության պատճառով անընդհատ բացակայում էի: Ով գյուղից դուրս է գալիս չի ուզում վերադառնալ, լինի ուսանող, թե արտագնա աշխատանքի մեկնող», – ասում է Ժաննա Պետրոսյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։