Տիգրան Հակոբյանը՝ 5-րդ ալիքի մասին. Վարչական վարույթ բացելու հիմքեր դեռ չենք տեսնում
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն արձագանքել է 5-րդ ալիքի կողմից տարաված հայտնի տեսանյութին, դրան հետևած արձագանքներին ու ՀՌՀ անելիքներին։ Նա մասնավորապես գրել է.
««5-րդ ալիք»-ի եթերում ցուցադրված Ազատ գյուղի զորամասի կացարանի հրդեհի կարճ տեսանյութը լայն տարածվել է համացանցում և խիստ բացասական արձագանքի է արժանացել: Մարդիկ հատկապես զայրացած և վրդովված են հնչող հուսահատ, տառապանքով, ցավով լի մարդկանց ճիչերից: Այո, շատ ծանր է դա լսել, շատ-շատ ծանր…
Մի քանի լրատվամիջոց դիմել են ինձ պարզաբանումների համար, սոցցանցերում «ֆլեշմոբի» պես ինչ-որ ակցիա է սկսվել՛ Հանձնաժողովից և Նանձնաժողովի նախագահից պահանջում են գնահատական տալ, շտապ նիստ հրավիրել, եթերազրկել հեռուստատեսությունը, «պատժել դավաճաններին» և այլն:
Արձագանքում եմ: ՀՌՀ համապատասխան բաժիններին երեկ երեկոյան արդեն իջեցված էին հանձնարականներ մշտադիտարկել «5-րդ ալիք»-ի եթերը, նախապատրաստել իրավական գնահատականը: Ինձ մոտ հավաքված նախնական տվյալների համաձայն հեռուստատեսության եթերում եղել է միայն հեռվից նկարահանված հրդեհը, ճիչեր, ձայներ չեն հնչել, հրդեհի կադրերը ուղեկցվել են լրագրողի տեքստով հրդեհի մասին: Ձայները հնչել են YouTube-ում, և կադրերը ուղեկցվել են գրությունով, թե ով է նկարահանել հեռախոսով, և ում ձայներն են հչում:
Նախնական եզրակացությունս, կրկնեմ՛ նախնական, հետևալն է:
1.Եթերում ցուցադրվել է հրդեհի «համր» տեսանյութը, որտեղ չկան այրվող մարմիններ, դաժան կադրեր, ոբղերգության բաց տեսարաններ, որոնք կարող են սոսկանք, սարսափ առաջացնել, ազդել անչափահասների ֆիզիկական և հոգեկան առողջության վրա: Վարչական վարույթ բացելու հիմքեր դեռ չենք տեսնում:
2.Օրենքով YouTube-յան հեռարձակումը ՀՌՀ կարգավորումից դուրս է, այս տիրույթում գործառույթ չունենք:
Ավելի մանրամասն այս խնդիրը կքննարկվի երկուշաբթի օրը: Նաև կարծում եմ, որ ճիշտ կլիներ հենց «5-րդ ալիք»-ն իր պարզաբանումները ներկայացներ, ներողություն հայցեր հանրությունից:
Բայց մի կարևոր հանգամանքի մասին էլ գրեմ: Եթե հասարակ քաղաքացու ցասումը, հուզմունքները հասկանալի ենև ընդունելի, ապա լրագրողական հանրության ներկայացուցիչների արձագանքը (առանց փաստերը ստուգելու, խնդրի իրավական կողմը հասկանալու) տարօրինակ են և մտահոգիչ: Լրագրողը պետք է փաստերով խոսի, այլ ոչ թե ամբոխահաճո կոչեր հնչեցնի՛ եթերազրկել, պատժել, գնդակահարել..: Այդ ամենը ստեղծում է իմաստազուրկ «տեղեկատվական հեղեղներ», որոնց բացասական ազդեցության մասին ավելորդ է խոսել: և իմ այս խորհուրդը վերաբերվում է հատկապես ազատական գաղափարներ դավանող մեդիահանրությանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան