Սուրճի ամենօրյա օգտագործումը բացարձակապես անվտանգ է առողջության համար. թերապևտ
Թերապևտ և դիետոլոգ Ելենա Տիխոմիրովան ասել է, թե ինչպես օգտագործել սուրճը՝ առանց օրգանիզմը վնասելու։
Life.ru-ին տված հարցազրույցում մասնագետը նշել է, որ այն չի վնասի օրգանիզմին, եթե մարդիկ իմանան դրա օգտագործման չափը։ Տիխոմիրովան նշել է, որ օրական նորման կազմում է ոչ ավելի, քան 400 մգ կոֆեին, ինչը համարժեք է չորս բաժակի։
Բժիշկը պարզաբանել է, որ այս կանոնը չի տարածվում կոֆեինի նկատմամբ գերզգայունություն ունեցող մարդկանց վրա։
«Կան մարդիկ, որոնք զգայուն են սուրճի նկատմամբ: Երբ նրանք օգտագործում են կոֆեին և կոֆեին պարունակող մթերքներ, կարող են զգալ սրտի բաբախյուն, անքնություն և այլն: Այդպիսի մարդիկ գիտեն իրենց արձագանքը սուրճի նկատմամբ և, որպես կանոն, այն շատ հազվադեպ են խմում կամ ընդհանրապես չեն օգտագործում։ Մնացած բոլոր դեպքերում սուրճը հիանալի էներգիա հաղորդող ըմպելիք է»,- ասել է բժիշկը։
Տիխոմիրովան ընդգծել է, որ նրանք, որոնք ցանկանում են նիհարել, պետք է նախընտրեն սովորական սև սուրճն առանց շաքարի։ Եթե նման ըմպելիքը ձեր ճաշակով չէ, ապա կարող եք մի քիչ կաթ ավելացնել։ Իսկ սուրճի այն տեսակները, որոնցում կան օշարակներ, սերուցք և այլ հավելումներ, պարունակում են մեծ քանակությամբ կալորիաներ և խոչընդոտ կդառնան ավելորդ կիլոգրամների դեմ պայքարում։