Ռազմավարական՝ սերնդի դաստիարակման և առողջապահության ոլորտները, շատ վատ վիճակում են. Իրինա Գասպարյան
«Կարող եմ թվարկել մի շարք գիտական կառույցներ, որոնք լուծարվեցին, հետո՝ մեկ տարի անց, պետությունը ստիպված դրանք վերականգնեց, օրինակ՝ Մեթոդական ծրագրերի մշակման կենտրոնը, որը ԿԳՄՍ-ին կից է աշխատում: Քանի որ ծրագրերն ամեն տարի են մշակվում, լուծարմամբ գործընթացը կտրվել էր և շատ ծանր վիճակ էր ստեղծվել ոլորտում»,- Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ բանավեճի մեջ մտավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Գասպարյանը:
Պատգամավորը հայտնեց, որ կարող է նշել նաև այլ գիտական կառույցներ, որոնք լուծարվել են և շատ վնաս պատճառել ոլորտին և տնտեսությանը:
Անդրադառնալով Վահան Քերոբյանի հայտարարությանը, թե տնտեսությունը զարգացնելու համար պետությունը դրսի մասնագետներ հրավիրած ընկերություններին համաֆինանսավորում է՝ ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ իշխանությունները չեն գնահատում ներքին ռեսուրսները և նայում են արտասահման:
«Ներքին ռեսուրսների որակը բավականին բարձր է, ուղղակի պետք է նրանց օգտագործել: Աշխատավարձի առումով ես կասեի, որ այն բանակը, որն ապահովում է տնտեսական աճը, կամ կրթությունը, որը ռազմավարական ոլորտ է, շատ ցածր աշխատավարձեր են դրանցում և գիտական լաբորատոր աշխատանքների համար սարքերը չապահովելով, մենք ուղղակի կոտրում ենք այդ ոլորտը, որը բավականին բարձր էր»:
Ես պոզիտիվ չեմ գնագհատում 2022 թվականի արդյունքները և կառանձնացնեի ռազմավարական ոլորտները, որտեղ մարդիկ աշխատում են ոչ թե փող աշխատելու, բիզնեսի, այլ սերունդ դաստիարակելու կամ առողջապահության ոլորտներում, որոնք շատ վատ վիճակում են»,-ասաց Իրինա Գասպարյանը:
Պարգամավորը հակադարձեց էկոնոմիկայի նախարարի խոսքին, թե գիտական ոլորտում աշխատավարձերը բարձրացել են՝ ասելով, որ ինքն այդ ոլորտից է եկել և գիտի թե ինչքան փոքր չափով է բարձրացել գիտնականների աշխատավարձերը:
Իրինա Գասպարյանը հերքեց նաև Քերոբյանի այն հայտարարությունը, թե հաղթող ճանաչված գիտական ծրագրերի համար պետությունը ֆինանսավարում է նաև անհրաժեշտ լաբորատոր սարքավորումների ձեռքբերման ծախսերը:
Վահան Քերոբյան էլ հայտնեց, որ բոլորն էլ շատ ավելին են ուզում կրթական համակարգից, քան այն տալիս է, դրա համար էլ թե՛ կառավարությունը, թե՛ վարչապետը գլխավոր ուշադրությունը սևեռում է կրթական ոլորտին և հիշեցրեց, որ ատեստավորման արդյունքում հազարավոր ուսուցիչներ սկսել են բարձր աշխատավարձեր ստանալ՝ ընդհուպ՝ 400 հազար դրամ:
Ընդդիմադիր պատգամավորի և Էկոնոմիկայի նախարարի երկխոսությունից ձանձրացած հանձնաժողովի նախագահ Վաղարշակ Հակոբյանն էլ, մոռանալով, որ նիստն ուղիղ եթերով հեռարձակվում է, որոշեց ձգել մեջքի և արմունկների մկանները (լուսանկարի հետին պլանում):