Արցախում պետական պահուստից տրամադրված բրինձը կենթարկվի լաբորատոր հետազոտության
ԱՀ տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախում վաճառվող բրինձը կենթարկվի լաբորատոր հետազոտության։
«Քանի որ պետական պահուստից առևտրային օբյեկտներին մատակարարված բրնձի տեսակներից մեկի համային և հոտային առանձնահատկությունները հանրության որոշ շրջանակների մտահոգությունն է առաջացրել, տեղեկացնում ենք, որ այս պահին տվյալ ապրանքատեսակն ամբողջությամբ հեռացված է վաճառքի դարակներից, իսկ նմուշը ուղարկված է լաբորատոր հետազոտության․ արդյունքը հայտնի լինելուն պես՝ կհանրայնացվի»,- տեղեկացնում են շտաբից։
Բացի այդ, գրառմանը կից հրապարակել են լուսանկար՝ հայտնելով, որ վաճառքի կետերում առկա է միայն բրնձի՝ լուսանկարներում պատկերված տեսականին, ինչը վաճառվում է համապատասխան թույլտվության համաձայն։
Ավելի վաղ շտաբից հայտնել էին, որ հանրության կողմից ստացված բողոքների և ԱՀ Պետական եկամուտների, Պետական տեսչությունների կառավարման կոմիտեների և Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից իրականացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ 2023 թվականի հունվարի 20-ից ԱՀ պետպահուստից առևտրային օբյեկտներին մատակարարված երեք տեսակ բրնձի մեկ տեսակը ունեցել է համային և հոտային խնդիրներ:
«Պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից, երեկ երեկոյան պահեստներում առկա մնացորդը առանձնացվել է, կատարվել նմուշառում և ուղարկվել սննդամթերքի հետազոտությունների լաբորատորիա:
Բրնձի նշված տեսակի մատակարարումը խանութներին արգելվել է, իսկ արդեն մատակարարավածը հետ է կանչվել շուկայից այն փոխարինելու նպատակով:
Այն սպառողները, ովքեր արդեն նման խնդրի առկայությամբ բրինձ են ձեռք բերել, կարող են վերադարձնել համապատասխան խանութներ և հետ ստանալ կտրոններն ու գումարը, իսկ նույն կտրոնները օգտագործել որակյալ բրինձ ձեռք բերելու համար»,- հայտնել էին շտաբից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան