ՄԻՊ-ը հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ սույն թվականի հունվարի 23-ին օրենսդրությամբ սահմանված կարգով հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։
«Ըստ օրենսդրության՝ տվյալ դեպքում Պաշտպանի լիազորությունները դադարում են վերջինիս կողմից հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում ներկայացվելու դեպքում։
Տիկին Գրիգորյանը պատշաճ պահի հանրությանը կտեղեկացնի այլ աշխատանքի մասին տեղեկությունը, իսկ մինչ այդ ձեռնպահ կմնա այս թեմայով որևէ մեկնաբանությունից։
Քրիստիննե Գրիգորյանը ձգտել է Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունն իրականացնել անաչառորեն, մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով՝ հավատարիմ մնալով Ազգային ժողովում տրված երդմանը։
Պաշտպանն առաջին հերթին շնորհակալություն է հայտնում հաստատությունում աշխատող կանանց ու տղամարդկանց՝ հաստատության առաքելության բարձր գիտակցման, անձնական մեծ նվիրումի և պաշտոնավարման ընթացքում իրեն ցուցաբերված բարձորակ մասնագիտական աջակցության համար։ Իր հերթին Պաշտպանը ներդրել է առավելագույն ջանքը հաստատության ինստիտուցիոնալ զարգացման և անցումային ու ճգնաժամային իրավիճակներում դիմակայունության բարձրացման ուղղությամբ։
Ի գիտություն. Հրաժարականի հիմքով Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Պաշտպանը հրապարակում և Ազգային ժողով է ներկայացնում իր հերթական տարեկան հաղորդումը ներկայացվելուց հետո մինչև հրաժարականի դիմում ներկայացնելն ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեության վերաբերյալ ամփոփ հաղորդում: Հաղորդումը կներկայացվի երկրորդ դիմումի հետ»,-մասնավորապես ասված է տարածած հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան