Արցախի դրոշը՝ Australian Open-ում
Australian Open մրցաշարում հայկական արմատներով ռուս թենիսիստ, Ռուսաստանի սպորտի վարպետ, Տոկիո 2020-ի արծաթե մեդալակիր Կարեն Խաչանովի և ճապոնացի Յոսիհիտո Նիսիոկայի խաղի ժամանակ ցուցադրվել է Արցախի Հանրապետության դրոշը։
«Խաչանովը խաղաշրջանի ողջ ընթացքում օգտագործել է հարթակը՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման դեմ հանդես գալու համար, և Մելբուռնի հայ-ավստրալական համայնքը միացել է նրան»,- նշված է հայ-ավստրալական համայնքի թվիթերյան էջում։
Հիշեցնենք, որ Խաչանովը մրցաշարի ընթացքում նաև իր աջակցությունն է հայտնել Արցախին։ Australian Open-ի 1/8 եզրափակչում հաղթանակից հետո նա գրություն էր թողել տեսախցիկին․ «Շարունակեք հավատալ մինչև վերջ։ Ուժեղ մնա՛, Արցախ» (Keep believing all the way until the end! Artsakh Stay Strong)։
Մինչ այդ՝ երրորդ շրջանի խաղում հաղթելուց հետո, գրել էր. «Ուժեղ մնա՛, Արցախ» (Artsakh stay strong!!!)։
Ադրբեջանի՝ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ 2020 թվականի սեպտեմբերի լայնամասշտաբ ագրեսիայի ընթացքում և հետո Ադրբեջանի իշխանություններին հաջողվեց, բացի Արցախից պոկած-գրաված տարածքների, գրավել նաև Արցախ-Հայաստան սահմանակից մարզերը, ինչի պատճառով թշնամական Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի Հանրապետության միակ կապը ՀՀ հետ իրականացվում էր մի միջանցքով։
Ըստ Եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը պիտի ապահովեր, ինչը նույնն է՝ չխոչընդոտեր Արցախի միջանցքով հաղորդակցությանը, իսկ ՌԴ խաղաղապահ զորքերը պիտի վերահսկեին այդ անխոչընդոտ կապը։
Սակայն, շարունակելով հայասպան քաղաքականությունը, Ադրբեջանը կազմակերպեց, այսպես կաչված, «բնապահպանների» բողոք-ցույց, ումով էլ Արցախի (Լաչինի) միջանցքը փակեց։
Մի ամսից ավելի է Արցախի Հանրապետությունը գտնվում է տոտալ շրջափակման մեջ, իսկ ադրբեջանցի «բնապահպանները», որոնց թվում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալներ, Ապրիլյան պատերազմի մասնակից,... դարձել են անձեռնմխելի՝ նոր բախման շանտաժով։
Չնայած տարբեր երկրիների կոչերին՝ բացել Արցախ-Հայաստան միջանցքը, ադրբեջանական հերթական ագրեսիան դեռ մնում է անպատիժ։
Հարակից հրապարակումներ`
- Վստահ եղեք, որ մենք իսկապես գնահատում և զգում ենք ձեր աջակցությունն այստեղ՝ Արցախում. Ռուբեն Վարդանյան
- «Շարունակեք հավատալ մինչև վերջ»․ Խաչանովը կրկին աջակցությունն է հայտնել Արցախին
- Կարեն Խաչանով. «Արցախ, դիմացիր»
- Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան Հենրիխ Մխիթարյանի դեմ բողոք կներկայացնի ՈւԵՖԱ