ԵՄ-ն Հայաստանում ստեղծել է քաղաքացիական առաքելություն
Եվրամիության խորհուրդն այսօր համաձայնություն է տվել Հայաստանում քաղաքացիական առաքելության (EUMA) ստեղծմանը Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակում (CSDP): Այս մասին նշված է ԵՄ խորհրդի հայտարարությունում։
Նշվում է, որ առաքելության նպատակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունություն ապահովելն է և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին նպաստող միջավայր ստեղծելը։
«Հայաստանում ԵՄ առաքելության ձևավորմամբ Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր փուլ է մեկնարկում։ Եվրամիությունը կշարունակի աջակցել լարվածության նվազեցման ջանքերին՝ սերտորեն աշխատելով երկու կողմերի հետ՝ վերջնական նպատակ ունենալով տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատումը», - հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Ի պատասխան Հայաստանի խնդրանքի՝ առաքելությունը կիրականացնի պարեկություն և կներկայացնի իրավիճակի մասին տեղեկություն, ինչը կմեծացնի ԵՄ իրազեկվածության մակարդակը՝ տեղում իրավիճակի վերաբերյալ։ Առաքելությունը նաև կաջակցի ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին»,- նշված է հայտարարությունում:
Առաքելությանը երկու տարվա մանդատ է տրված։ Կենտրոնակայանը գտնվելու է Հայաստանում։ Քաղաքացիական գործողությունների հրամանատար է նշանակվել ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության քաղաքացիական ծրագրավորման բաժնի ղեկավար Ստեֆանո Տոմատը։
Արարատ Միրզոյանը ողջունել է Հայաստան քաղաքացիական առաքելություն ուղարկելու ԵՄ որոշումը. «Մենք պատրաստակամորեն կհամագործակցենք առաքելության հետ և կաջակցենք դրա գործունեությանը։
Այս առաքելությունը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան