Թուրքիայում իսլամիստները փորձել են ներխուժել Շվեդիայի հյուպատոսարան
Թուրքիայում շարունակվում են բողոքի ակցիաները` ուղղված Շվեդիայում մահմեդականների սուրբ գրքի՝ Ղուրանի հրկիզման դեմ։
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Բեյօղլու Ասմալըմեսջիթ թաղամասում մի խումբ իսլամիստներ հավաքվել են Շվեդիայի հյուպատոսության մոտ, որտեղ սկսել են մեծարել Ալլահին և մի շարք իսլամական կարգախոսներ հնչեցրել։ Այս խմբից երկու իսլամիստ, անցնելով ոստիկանական պատնեշը, կոտրել են հյուպատոսարանի մուտքի վահանակը։ Վերջիններս ոստիկանության միջամտությամբ հեռացվել են վայրից։
Իսլամիստական թվիթերյան էջերը պնդում են, որ հիշյալ խմբավորումը արմատական «Իսլամական Մեծ Արևելքի գրոհայինների ճակատ»-ի (IBDA-C) անդամ է:
Նույնաբովանդակ բողոքի ակցիա է անցկացվել նաև մայրաքաղաք Անկարայում։ Ցուցարարներն այրել են Շվեդիայի դրոշը և սպառնացել, որ «կկտրեն նրա մատը, ով մատ կթափահարի իսլամի վրա»։
Նշենք, որ դանիացի հակաիսլամ ակտիվիստ Ռասմուս Փալուդանը հունվարի 21-ին Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ հրկիզել էր իսլամի սուրբ գիրքը, ինչը բողոքի ակցիաների պատճառ է դարձել Թուրքիայում։