Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքը փակելու հումանիտար հետևանքները ԵԽԽՎ-ում կքննարկեն հունվարի 26-ին
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը երեկ ընդունել է վերջնական օրակարգը։
Panorama.am-ին ԵԽԽՎ-ից հայտնում են, որ հինգշաբթի օրը՝ հունվարի 26-ին, կեսօրին (Ստրասբուրգի ժամանակով ժամը 17։00-ից մինչև 20։00) կանցկացվի ընթացիկ հարցերի քննարկումը «Անդրադարձ Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքներին» թեմայով։
Վեհաժողովից տեղեկացնում են, որ բանավեճի այս ձևաչափը չի նախատեսում որևէ փաստաթղթի ընդունում։
Արցախի կառավարության հրապարակած տեղեկագրի համաձայն, Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 44 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչությանը:
Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30,000 երեխա, 20,000 տարեց, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և կանգնած է նաև սովի ռիսկի առջև:
Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից ամբողջությամբ կամ մասամբ փակվել է 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։
6,828 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ, նախակրթարան և երկարօրյա դպրոց հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից:
Հունվարի 18-ից ջեռուցման ու էլեկտրամատակարարման խնդիրների պատճառով դադարեցվել է Արցախի բոլոր 117 դպրոցների աշխատանքը՝ ավելի քան 20,000 երեխայի զրկելով կրթություն ստանալու իրավունքից:
Առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 490 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 46 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 4,700 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
Ավելի քան 17,200 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:
Հարակից հրապարակումներ`
- Պեսկով. Ռուսաստանը շարունակում է Հայաստանի ու Ադրբեջանի հետ բարդ աշխատանքը
- ԱՄՆ պետքարտուղարը՝ Ալիևին. Անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի երթևեկությունը
- ԵՄ-ն շահագրգիռ է տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմամբ․ Տոյվո Կլաար
- Արմեն Գրիգորյանը և Տոյվո Կլաարը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հարցը
- ԵԽԽՎ-ն կքննարկի Լաչինի միջանցքի փակման հումանիտար հետևանքները
- Տոյվո Կլաար. Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է
- Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել ԵԽ պատգամավորներին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները