«Հրապարակ». Ստացվում է՝ մեկ շաբաթ ՄԻՊ գրասենյակը դե ֆակտո ղեկավար չի ունենալու. Ուր է գնալու Քրիստինե Գրիգորյանը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը հրաժարական ներկայացրեց ԱԺ։ Ապա ժամը 14։00-ին ՄԻՊ գրասենյակում ժողով հրավիրեց, որ տեղեկացնի հրաժարականի մասին։ ՄԻՊ աշխատակազմից մեզ պատմեցին, որ իր խոսքը Գրիգորյանը սկսել է աշխատակազմին շնորհակալություն հայտնելով, հետո նրանց առաջ արդարացել է.
«Ես ուզում էի ինքս ձեզ հայտնել, սակայն «Հրապարակն» առաջ ընկավ». մենք լուրը հրապարակել էինք առավոտյան։ Գրիգորյանը տեղեկացրել է, թե երեկ է նոր աշխատանքի առաջարկը ստացել ու համաձայնել, մինչդեռ մենք 4-5 օր առաջ գիտեինք, որ նա հրաժարական է տալու և այլ պաշտոնի է գնալու։ Գրիգորյանն աշխատակազմին չի մանրամասնել, թե ինչ նոր աշխատանքի մասին է խոսքը։
Երեկ նա ՄԻՊ աշխատակազմի իր կադրերին շնորհակալագրեր է բաժանել։ Ժողովի ավարտից հետո աշխատակիցները ցրվել են իրենց սենյակները, բայց քիչ անց բոլորին կրկին հավաքել են, որ Քրիստինե Գրիգորյանին հրաժեշտ տան։ Աշխատակիցները զարմացել են, թե ինչու են հիմա հրաժեշտ տալիս, չէ՞ որ ՄԻՊ-ի հրաժարականը հաստատվում է այն դեպքում, երբ նա 1 շաբաթ հետո պնդում է իր հրաժարականը, այսինքն՝ 1 շաբաթ դեռ պետք է պաշտոնավարի։ Սակայն Գրիգորյանը հավաքել է իրերն ու երեկ հեռացել, աշխատակազմին ասել են, որ այլևս չի գալու։ Ստացվում է, որ մեկ շաբաթ ՄԻՊ գրասենյակը դե ֆակտո ղեկավար չի ունենալու։
Ինչ վերաբերում է Գրիգորյանի հետագա ճակատագրին, ապա դրա վերաբերյալ 2 տարբեր տեղեկություն կա՝ որ նա ԲԴԽ է գնալու կամ որևէ միջազգային կառույցում դեսպան է նշանակվելու։ ՄԻՊ աշխատակազմում շունչները պահած սպասում են և մամուլ կարդում, որ իմանան, թե ՄԻՊ-ի պաշտոնի համար ինչ թեկնածուների անուններ են շրջանառվում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին