Պատերազմն ու Լաչինի միջանցքի փակումը ևս մեկ անգամ ապացուցում են՝ արցախահայերը որևէ կերպ չեն կարող ապրել Ադրբեջանի կազմում. Աբրահամյան
«Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացներն արտահայտվում են Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններով և Արցախի նկատմամբ ագրեսիայով: Արցախում Ադրբեջանի այլատյացության եւ ռազմատենչ հայտարարությունների համատեքստում ֆիզիկական գոյության խնդիր կա: 44-օրյա պատերազմն ու Լաչինի միջանցքի փակումը եւս մեկ անգամ ապացուցում են, որ արցախահայերը որևէ կերպ չեն կարող ապրել Ադրբեջանի կազմում»,- ԱԺ կայքի հաղորդմամբ, այս մասին խոսել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտի ծրագրերի և գիտելիքի հարցերով տնօրեն Վուտեր Դոլի ծրագրի ավագ խորհրդական Ռիմ Յուդեի հետ հանդիպմանը:
Հյուրերի խնդրանքով պատգամավորը նախ անդրադարձել է Արցախում տիրող իրադրությանը, Լաչինի միջանցքի փակման հետեւանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին:
«Արցախի հարցը տարածքային խնդիր չէ, այլ այնտեղ հարյուրամյակներ ապրող հայերի ինքնորոշման իրացման հարցն է, որը բխում է միջազգային իրավունքից: Այնտեղ ապրող մարդիկ իրենց ճակատագիրը տնօրինելու իրավունք ունեն»,- ասել է Տիգրան Աբրահամյանը:
Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտը նախատեսում է Հայաստանում իրականացնել «Քաղաքական կուսակցությունները՝ հանուն ներառական ժողովրդավարության» ծրագիրը: Վուտեր Դոլը նշել է, որ այցի նպատակն է ուսումնասիրել եւ պարզել, թե մեր երկրում իրենց ծրագրերն իրականացնելու ինչ հնարավորություններ կան: Հյուրերը ներկայացրել են ծրագրի նպատակը, հիմնադրույթներն ու սկզբունքները, ժողովրդավարական մշակույթ ձեւավորելու իրենց տեսլականը:
Տիգրան Աբրահամյանն իր հերթին մանրամասնել է իրենց կուսակցության (ՀՀԿ) անցած ուղին, միջազգային գործընկերների հետ գործակցության առանցքը եւ ծրագրի շրջանակում համագործակցության պատրաստակամություն է հայտնել:
Կողմերը փոխգործակցության հեռանկարներն ու կոնկրետ ուղղություններն առաջիկայում քննարկելու պայմանավորվածություն են ձեռք բերել:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Արցախի շրջափակման հարցում Ադրբեջանի հիմնական սպասումները չեն արդարացել
- Տիգրան Աբրահամյան. Արցախում իրավիճակը վատթարացման նոր դրսևորումներ է ստանում
- Ադրբեջանը գործում է այնքան, որքան նրան իր քաղաքական կուրսով թույլ է տալիս Հայաստանը.Տիգրան Աբրահամյան
- Միջանցքի հնարավոր բացման հետ կապված Ադրբեջանը 4-5 պահանջ է ներկայացնում. Աբրահամյան
- ՀԱՊԿ զորավարժությունները ՀՀ-ում չանցկացնելը որևէ ձևով չի նվազեցնում Ադրբեջանի հնարավոր հարձակման հավանականությունը. Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Արցախը ևս մեկ լուրջ սպառնալիքի առաջ է կանգնում