Կրթության միջազգային օրն է. Արցախում ավելի քան 20.000 երեխա զրկված է կրթություն ստանալու իրավունքից
Հունվարի 24-ին նշվում է Կրթության միջազգային օրը։ Տոնը սահմանվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևով 2018-ի դեկտեմբերի 3-ին կազմակերպության 59 երկրների կողմից։
«Կրթությունն ամենահզոր գործիքն է, որը մենք ունենք մեր տրամադրության տակ՝ զգալիորեն բարելավելու բնակչության առողջությունը, խթանելու տնտեսական աճը, բացելու թաքնված հնարավորությունները և նորարարություններին», - ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեյը:
ՄԱԿ-ի տվյալներով՝ ներկայումս աշխարհում 262 միլիոն երեխա և դեռահաս դպրոց չի հաճախում, 617 միլիոնը չունի կարդալու և թվաբանության տարրական հմտություններ։
Արցախի կառավարության այսօր հրապարակած տեղեկագրի համաձայն,
• Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 44 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչությանը:
• Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30,000 երեխա, 20,000 տարեց, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և կանգնած է նաև սովի ռիսկի առջև:
• Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից ամբողջությամբ կամ մասամբ փակվել է 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։
• 6,828 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ, նախակրթարան և երկարօրյա դպրոց հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից:
• Հունվարի 18-ից ջեռուցման ու էլեկտրամատակարարման խնդիրների պատճառով դադարեցվել է Արցախի բոլոր 117 դպրոցների աշխատանքը՝ ավելի քան 20,000 երեխայի զրկելով կրթություն ստանալու իրավունքից:
Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը շուտով կքննարկվի նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում:
Հարակից հրապարակումներ`
- Կյանքը հոսանքազրկված Արցախում
- Արցախում նախադպրոցական հաստատությունների և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը կշարունակվի մնալ կասեցված
- Արցախում մանկապարտեզները, նախադպրոցական խմբերն ու երկարօրյա խմբերը չեն գործի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան