Լաչինի միջանցքի նկատմամբ Ադրբեջանն ունի միայն մեկ պարտավորություն՝ ոչ մի կերպ չխոչընդոտել տեղաշարժը. Արցախի ԱԳՆ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 6-րդ կետի մեկնաբանման կապակցությամբ.
«Վերջին շրջանում ադրբեջանական իշխանություններն ավելի հաճախ են դիմում 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքի գործունեությանը վերաբերող 6-րդ կետի կամայական մեկնաբանմանը: Սեփական քաղաքական օրակարգն առաջ մղելու նպատակով՝ Ադրբեջանը, փակելով Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, արդեն ավելի քան 40 օր պատանդ է պահում Արցախի ողջ բնակչությանը և ստեղծում լուրջ հումանիտար ճգնաժամ։
Ընդ որում, Ադրբեջանը դիմում է տարատեսակ շահարկումների՝ փորձելով քողարկել Արցախի ժողովրդի նկատմամբ իր անմարդկային քաղաքականությունը։ Մասնավորապես, ռուս խաղաղապահներին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին պատկանող տրանսպորտային միջոցների երթևեկության մասին տվյալները ադրբեջանական իշխանությունները ներկայացնում են որպես հումանիտար ճգնաժամի և շրջափակման բացակայության ապացույց։ Սակայն միջազգային հանրությանը մոլորեցնելուն միտված ադրբեջանական կեղծարարությունները հերքվում են փաստերով։
Նախ՝ Լաչինի միջանցքի փակման 43 օրվա ընթացքում ավելի քիչ տրանսպորտային միջոցներ են անցել, քան մինչև շրջափակումը՝ մեկ օրվա ընթացքում: Այդ բոլոր տրանսպորտային միջոցները պատկանում էին կամ ԿԽՄԿ-ին, կամ ռուս խաղաղապահներին։ Արցախի բնակիչների տրանսպորտային միջոցները չեն անցել միջանցքով։
Երկրորդ՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով դադարեցվել է երկու ուղղություններով ուղևորաշրջանառությունը։ Անգամ ռուս խաղաղապահների՝ Հայաստանից Արցախ երեխաներ տեղափոխող մեքենան է կանգնեցվել, իսկ ուղևորները ադրբեջանցիների կողմից ենթարկվել են նպատակաուղղված հոգեբանական ահաբեկման։
Երրորդ՝ ամբողջությամբ դադարեցվել է սպառողական ապրանքների ներմուծումը, որը կազմում էր օրական ավելի քան 400 տոննա։
Արցախի շրջափակումը ոչ միայն հանգեցնում է առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի սղության, այլև հազարավոր մարդկանց զրկում է աշխատանքից և ապրուստի միջոցներից։ Ավելին՝ բացի Արցախի ցամաքային շրջափակումից, Ադրբեջանը նաև էներգետիկ շրջափակում է իրականացնում՝ նպատակ ունենալով էլ ավելի վատթարացնել հումանիտար իրավիճակը։ Ադրբեջանը շարունակում է դիտավորյալ խոչընդոտել Արցախի գազամատակարարումը և Հայաստանից եկող Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի՝ իրենց վերահսկողության տակ գտնվող հատվածի վերականգնումը, որտեղ հունվարի 9-ին վթար էր տեղի ունեցել։
Ադրբեջանի պնդումը՝ Լաչինի միջանցքով անցնող տրանսպորտային միջոցները կանգնեցնելու և բեռների զննում անցկացնելու իր իրավունքի մասին, բացարձակապես անհիմն է։ Եռակողմ հայտարարության մեջ բացակայում է բեռների փոխադրման որևէ սահմանափակում ըստ դրանց բնույթի, նշանակության կամ կիրառման։ Լաչինի միջանցքի նկատմամբ Ադրբեջանն ունի միայն մեկ պարտավորություն՝ ոչ մի կերպ չխոչընդոտել տեղաշարժը։
Եռակողմ հայտարարության դրույթները միակողմանիորեն վերանայելու և միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ ունեցող Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից վերահսկվող և բացառապես մարդասիրական փոխադրումների համար օգտագործվող ճանապարհի վերածելու Բաքվի փորձերն ապօրինի են և պետք է մերժվեն:
Եռակողմ հայտարարության տակ Ադրբեջանի նախագահի ստորագրությունը Ադրբեջանի ակնհայտ համաձայնությունն է ընդունել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի բացառիկ վերահսկողությունը Լաչինի միջանցքի նկատմամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք հավատում ենք, որ ունենք անկախության, սեփական հայրենիքում ապրելու իրավունք. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը BBC-ի Hard Talk-ին
- Վստահ եղեք, որ մենք իսկապես գնահատում և զգում ենք ձեր աջակցությունն այստեղ՝ Արցախում. Ռուբեն Վարդանյան
- Լաչինի միջանցքը չփակվեց 5-6 ամիս առաջ, քանի որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը վերախմբագրված չէր. քաղաքագետ
- Էդգար Էլբակյանը հիշեցնում է նոյեմբերի 9-ի փաստաթղթի 6-րդ կետի բովանդակությունը
- Պատերազմը չավարտվեց նոյեմբերի 9-ին, այն սկսվեց սեպտեմբեր 27-ին ու մնաց... Մետքսե Հակոբյան
- Հայկազ Մկրտչյան. Նոյեմբերի 9, հենց այս օրը Հայկայի սիրտը դադարեց բաբախել
- Ըստ Արայիկ Հարությունյանի տրամաբանության՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը բխում է արցախահայերի շահերի՞ց․ Էլիբեգովա
- Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ խոսքը միայն ու միայն ճանապարհը Շուշիի մոտից հեռացնելու մասին է. Վրթանեսյան
- Նոյեմբերի 9-ից հետո մենք ունենք ֆունդամենտալ սահմանադրական ճգնաժամ. Արամ Վարդևանյան
- Նոյեմբերի 9-ից հետո պաշտոնական տվյալներով մենք արդեն ունենք 124 զոհ․ Արամ Վարդևանյան
- Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա Արցախ մուտքի ու ելքի ամրագրված համաձայնեցման որևէ կարգ․ Վահե Հակոբյան
- Նոյեմբերի 9-ի այդ փաստաթղթի մեջ Կովսականը գրված չէր, Որոտանը գրված չէր, ո՞ւր են հիմա այդ տարածքները․ Արա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան