Բրայլյան տառատեսակով հրատարակվել են գրքեր, ամսագրեր, տետրեր
Տեսողության սահմանափակ կարողություններ ունեցող անձանց մշակութային կրթության շարունակականության, տեղեկատվություն ստանալու իրավունքի ապահովման համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Գրահրատարակչության և գրադարանների» ծրագրով իրականացնում է «Տեսողության սահմանափակ կարողություն ունեցող անձանց համար բրայլյան տառատեսակով գրքերի, ամսագրերի հրատարակում, տետրերի պատրաստում, աուդիոգրքերի ձայնագրում» միջոցառումը:
ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, անցած տարի այս միջոցառման շրջանակում նախարարության աջակցությամբ «Հայաստանի կույրերի միավորում» հրատարակչությունն իրականացրել է մի շարք աշխատանքներ:
Բրայլյան տառատեսակով հրատարակվել են Հեկտոր Մալոյի «Առանց ընտանիքի», Վիլյամ Սարոյանի «Մայրիկ, ես սիրում եմ քեզ», «Մարդկային կատակերգություն», Աբբա Պրևոյի «Մանոն Լեսկո», Շառլ Ազնավուրի «Քանի դեռ սիրտս բաբախում է», «Հայրս՝ այդ հսկան», Խալեդ Հոսեյնիի «Հազար չքնաղ արևներ», Սալի Ռունիի «Նորմալ մարդիկ», Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին», «Նոր ազգանվան պատմությունը», Մարկ Արենի «Քառյակը», Նարինե Աբգարյանի «Զուլալի», Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ», Ռեյչլ Հոլիսի «Աղջիկ ջան, ուշքի արի», Հայկ Սիրունյանի «Չոր ապրիլ», Լուսի Մոդ Մոթգոմերիի «Աննան կանաչ կտուրներից», Ջոն Բոյնի «Տղան լեռան գագաթին» գրքերը:
Բրայլյան տառատեսակով լույս են տեսել Հայաստանի կույրերի միության գործունեությունը ներկայացնող ամսագրերի տասներկու համարները:
Պատրաստվել են բրայլյան տառատեսակով գրելու համար անհրաժեշտ տետրեր:
Ձայնագրվել են աուդիոգրքեր, որոնց թվում՝ Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները», Ջոջո Մոյեսի «Աստղեր նվիրողը», «Ես մինչ քեզ», Սոմերսեթ Մոեմի «Թատրոն», Գուզել Յախինայի «Զուլեյխա», Դերենիկ Դեմիրճյանի «Պատմվածքներ», Հենրի Հագարդի «Բլոսհոլմի տիրուհին», Վազգեն Սարգսյանի «Էս ինչ եք անում, տղերք», Նիկոս Կազանձակիսի «Հույն Զոռբան»:
Այս ծրագրերի իրականացման համար 2022 թվականին հատկացվել է 9786.6 հազար դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան