ՀՀ տարբեր մարզերի ռուսերենի ուսուցիչները մասնակցել են վերապատրաստման դասընթացի
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը նախաձեռնել էր ուսուցիչների որակավորման բարձրացման սեմինար, որին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերում կենտրոնի կողմից կազմակերպվող ռուսաց լեզվի անվճար դասընթացները վարող ուսուցիչները։Այս մասին տեղեկացնում են Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնից։
««Լեզվաբանության և դասավանդման մեթոդիկայի արդի միտումները» թեմայով դասընթացին մասնակցում էին ավելի քան 50 ուսուցիչներ ՀՀ տարբեր մարզերից: Վերապատրաստման դասընթացը անցկացնում էին Ռուսաստանի և Հայաստանի առաջատար մասնագետները, որոնք մասնակիցներին ներկայացրեցին ուսուցման ժամանակակից, ինտերակտիվ մեթոդների և ուսումնական գործընթացի կազմակերպման նրբությունները:
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին մասնագիտությանը անմնացորդ նվիրումի համար:
«Անգնահատելի է ուսուցիչների ներդրումը երեխաների կրթության և դաստիարակության, հետևաբար հասարակության զարգացման գործում։ Ուսուցիչները երեխաների համար բացում եք գիտելիքների աշխարհը, օգնում հասկանալ կյանքի իմաստությունը: «Դոմ Մոսկվի» կենտրոնը կփորձի անել հնարավորը այս կարևոր առաքելության մեջ: Հուսով ենք, որ մեր կողմից կազմակերպվող վերապատրաստման դասընթացները, ներկայացված մեթոդական ձեռնարկներն ու նյութերը կնպաստեն, որպեսզի երեխաները լավ տիրապետեն առարկային և սիրեն ռուսաց լեզուն և մշակույթը», - նշել է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Ուսուցիչներին ողջունեց նաև հայտնի ջութակահար Կարեն Շահգալդյանը, ով ընդգծեց ուսուցչի կարևոր և պատասխանատու դերը յուրաքանչյուրի կյանքում։ Ողջույնի խոսքով ներկայացավ նաև Հայրենական մեծ պատերազմի վետերան, ՀՀ վաստակավոր ուսուցիչ Ռոզալիա Աբգարյանը:
«Չափազանց կարևոր է ուսուցչի դերը երեխայի դաստիարակության և արժանապատիվ քաղաքացի ձևավորման գործում։ Հենց ուսուցիչներից է կախված ոչ միայն երեխաների, այլև երկրի ճակատագիրը»,- նշել է Ռոզալիա Աբգարյանը:
Դասընթացի ավարտին մասնակիցները ստացել են սերտիֆիկատներ։
«Դոմ Մոսկվի» կենտրոնը ռուսաց լեզվի անվճար երկամսյա դասընթացներն իրականացնում է 2019թ․-ից։ Դասընթացների աշխարհագրությունն ընդգրկում է ՀՀ 11 մարզեր և 44 համայնքներ, աշխարհագրությունը ընդլայնվում է»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան