Բերբոկ․ Անհանգստացած եմ Օսման Քավալայի ազատ արձակման պահանջների նկատմամբ թուրքական իշխանությունների անտարբերությունից
Գերմանիայի արտգործնախարար և «Կանաչների» կուսակցության անդամ Աննալենա Բերբոկը հունվարի 24-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ելույթ է ունեցել։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։
Նա ԵԽ անդամ բոլոր երկրներին կոչ է արել հարգել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և ընդգծել, որ ՄԻԵԴ-ի (Մարդու իրավունքների եվրոպական դատարան) կայացրած բոլոր որոշումները պետք է կիրառվեն։
Դիմելով Թուրքիային՝ Բերբոկն ասել է, որ խորապես անհանգստացած է Օսման Քավալայի ազատ արձակման պահանջների նկատմամբ թուրքական իշխանությունների անտարբերությունից։
«Եվ այո՛, վերջապես լավ է, որ մի տեսակցություն եղավ, սակայն դա ծափահարելու արժանի բան չէ, նա չպետք է բանտում լիներ»,- ասել է նա։
Գերմանիայի արտգործնախարարն անդրադարձել է նաև Սելահաթթին Դեմիրթաշի կալանավորմանը՝ նշելով, որ նա ևս անիրավ կերպով է բանտում գտնվում ու պետք է ազատ արձակվի։