Անտարկտիդայի սառցադաշտից Լոնդոնի չափ սառցաբեկոր է պոկվել
Անտարկտիդայից պոկվել է հսկա սառցաբեկոր, որը գրեթե Լոնդոնի չափ է։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի Անտարկտիկայի ծառայությունը, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Հսկայական սառցաբեկորը (1550 կմ²), գրեթե Լոնդոնի չափ, պոկվել է Անտարկտիդայի Բրանտ սառցադաշտից: Վերջին մի քանի տարիների ընթացքում բնական ճանապարհով հայտնված ճաքերը տարածվել են սառցադաշտի ամբողջ երկայնքով»,- ասվում է հաղորդագրությունում:
Գիտնականները հայտնել են, որ այս իրադարձությունը սառցադաշտի բնական փոփոխությունների մի մասն է և կապված չէ կլիմայի գլոբալ տաքացման հետ:
Նշվում է, որ սառցաբեկորի հաստությունը մոտ 150 մետր է։ Գիտնականները տարիներ շարունակ հետևել են, թե սառցադաշտում ինչպես են ճաքեր առաջանում:
Ըստ ծառայության՝ մեկ տարի առաջ սառցադաշտից պոկվել է 1270 քառակուսի կիլոմետր մակերեսով մեկ այլ սառցաբեկոր:
Սառցադաշտի վրա, որտեղից պոկվել է սառցաբեկորը, կա դեպարտամենտի գիտահետազոտական կայան։ Գիտնականները հայտնել են, որ իրենց տեղակայման տարածքը չի տուժել։ Ըստ հետազոտողների՝ սառցադաշտն ունի բարդ կառուցվածք, ուստի ցանկացած փոփոխություն պարբերաբար վերահսկվում է հատուկ ավտոմատացված համակարգի միջոցով: