Խաչատուրյանը կիսատ հրամանագրով ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ է նշանակել
Վահագն Խաչատուրյանը հունվարի 24-ին ԶՈւ ԳՇ-ում փոփոխություններ կատարելու վերաբերյալ երկու հրամանագիր է ստորագրել։
Հրամանագրերից մեկի համաձայն, Առաքել Մարտիկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
Գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնում նշանակվել է 2022 թվականի հունվարի 10-ին։
Մյուս հրամանագրի համաձայն, Սամվել Մովսիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։
Ի դեպ, երկրորդ հրամանագիրը կազմվել է փնթի ու կիսատ։ ՀՀ նախագահի պաշտոնական էջում հրապարակված հրամանագիրն ավարտվում է այսպես.
«Սամվել ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության...»։
Ուշագրավ է, որ հրամանագրի ոչ ամբողջական լինելը չեն «նկատել» ոչ այն պատրաստողը, ոչ ստորագրողը, ոչ էլ հրապարակողը։
Թարմացում. Panorama.am-ի այս հրապարակումից հետո փաստաթուղթը լրացրել են՝ ավելացնելով. «զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան