Արա Զոհրաբյանը դիմել է դատարան՝ սեպտեմբերին ռազմական դրություն չհայտարարելը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով
Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը, որն այժմ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահն է, դիմել է վարչական դատարան՝ անցած տարվա սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման կապակցությամբ ռազմական դրություն հայտարարելու փոխարեն Հայաստանի Հանրապետության կառավարության դրսևորած անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով։
Panorama.am-ը Դատալեքսից տեղեկացավ, որ վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանն անցած տարվա դեկտեմբերի 22-ին հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում է կայացրել։
«Արա Գագիկի Զոհրաբյանի և «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության՝ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, ընդունել վարույթ և նախնական դատական նիստ նշանակել 2023 թվականի մայիսի 25-ին ժամը՝ 12:45-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում:
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման»,-ասված է որոշման մեջ։
Պաշտոնական տվյալների համաձայն, Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքով ավերվել կամ վնասվել են համայնքապետարանի շենք, հրշեջ փրկարական ջոկատի շենք, դպրոց, 3 հյուրատուն, հանդիսությունների սրահ, 100-ից ավելի սեփական բնակելի տուն, անասնագոմեր, ջերմոց, մեկ տասնյակի հասնող քաղաքացիական ավտոմեքենաներ, ավտոճանապարհներ, այրված խոտածածկ և անտառածածկ մեծ տարածքներ, պտղատու այգի, և այլն։
Բացի այդ, վնասվել են Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում տեղակայված 6 զորամաս, ռազմական օբյեկտներ և տեխնիկա, այդ թվում՝ բուժծառայության 2 ավտոմեքենա:
Ադրբեջանի կողմից իրականացրած ագրեսիայի հետևանքով հայկական կողմից զոհվել է 224 անձ, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձ, անհայտ է 3 զինծառայողի գտնվելու վայրը։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ. Սեպտեմբերին թշնամու կողմից ռազմական ագրեսիայի քրգործի շրջանակում 16 մեղադրյալ կա, որից վեցը կալանավորված են
- Ադրբեջանի հետ բանակցություններ են տարվում սեպտեմբերի ագրեսիայից հետո 3 անհետ կորածների մարմինները գտնելու ուղղությամբ. Սարգսյան
- Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 224 զոհ. ՀՀ ՔԿ