Մալաթիա տոնավաճառում իրավիճակը գնահատվում է հրդեհապայթյունավտանգ
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Ռաֆայել-Տաթև» ընտանեկան տոնավաճառը, որը բոլորին հայտնի է որպես Մալաթիա տոնավաճառ, չի գործելու։ Որոշումն ու դրա մասին ծանուցումն առաջացրել է տոնավաճառի աշխատակիցների դժգոհությունը։ Տոնավաճառի սեփականատեր ՍՊԸ տնօրենն էլ չի համաձայնում որոշման հետ։
«Իհարկե, համաձայն չեմ։ Թուղթ կա, դոկումենտ կա, ես բոլորը ցույց կտամ»,-ասաց նա Panorama.am-ի հետ զրույցում։
Տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, հունվարի 18-ին տնօրինությանը ծանուցել են որոշման մասին, մինչև ընթացիկ շաբաթվա վերջ ժամանակ են տվել ապրանքները հավաքելու համար։
Նրա խոսքով, առաջին անգամ տոնավաճառում տեսչական ստուգումներ իրականացվել են 2021-ի հունիսին, արձանագրել են խախտումներ, որոնց հիմքով տրվել են կարգադրագրեր, սահմանվել են հստակ ժամկետներ խախտումները վերացնելու համար։
«2022 թվականի հունիսին տրված ժամկետը լրացել է, տեսչական մարմինը նորից գնացել, ստուգում է իրականացրել, արձանագրել է խախտումներ։ Դրանից հետո կայացրել է տոնավաճառի գործունեության կասեցման որոշում։ Այս ընթացքում իրենք շտկումներ են իրականացրել, ՍՊԸ տնօրենը տեսչական մարմինին միջնորդություն ներկայացրել կրկին ստուգում իրականացնելու համար։ Մեր մասնագետները գնացել են, ուսումնասիրություն են իրականացրել, այո, որոշակի չափով աշխատանքներ իրականացվել են, բայց չեն իրականացվել այն ծավալով ու նորմատիվներով, որոնք սահմանված են»,-ասաց Զոհրաբյանը։
Ըստ նրա, տեսչական մարմնի աշխատակիցների կողմից կատարված աշխատանքները գնահատվել են ոչ բավարար, իրավիճակը՝ «հրդեհապայթյունավտանգ», ուստի հունվարի 18-ին տնօրինությանը տեղեկացվել է, որ որոշումը մնում է անփոփոխ, պետք է միջոցներ ձեռնարկել առևտրի կենտրոնի տարածքում աշխատող տնտեսվարողներին տեղեկացնելու, առկա գույքը տարածքից հանելու մասին։
«Տոնավաճառի տարածքում բոլորը վարձակալության հանձնված տաղավարներ են, ժամանակ է տրվել դրանք դատարկելու համար։ Շատ դեպքերում տնտեսվարողները տեղյակ չեն խախտումների, խնդիրների մասին։ Աստված մի արասցե, եթե այնտեղ ուղղակի ծուխ լինի, ծխահեռացման համակարգ չկա, չեմ ասում պայթյուն, հրդեհ լինի, մարդիկ ծխահարվելու են»,-նշեց Զոհրաբյանը՝ ավելացնելով, որ խախտումները վերացնելու դեպքում կասեցումը չեղարկելու որոշում կկայացվի։
Տեսչական մարմնի ներկայացուցիչն ասաց՝ Սուրմալուի ողբերգական դեպքը ցույց տվեց, վարձակալները խնդիրների մասին տեղեկացված չեն։
«Հաշվի առնելով նաև դառը փորձը՝ տնտեսական գործունեություն ծավալող քաղաքացիները շատ ավելի լավ կանեն՝ տնօրինությունից պահանջեն, որ ապահովեն իրենց կյանքի անվտանգությունը, դրա համար նրանք վճարում են ահռելի մեծ գումարներ»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի արտահերթ աշխատանքային խորհրդակցության ժամանակ մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի կողմից տրվել է հանձնարարական սեղմ ժամկետներում իրականացնել հրդեհատեխնիկական հետազոտություններ և վերահսկողական խիստ գործառույթներ հանրապետության տարածքում գործող քաղաքացիական բոլոր խոշոր օբյեկներում՝ մասնավորապես՝ առևտրի խոշոր կենտրոններում, փայտամշակման, տպագրական արտադրամասերում, նավթամթերքի պահեստարաններում, ընդհանուր նշանակության պահեստներում, բազաներում և հասարակական նշանակության այն օբյեկտներում, որտեղ կարող է լինել մարդկանց մեծաքանակ կուտակումներ։
Նա նշել է, որ հրդեհատեխնիկական հետազոտության ավարտից հետո Տեսչական մարմնի կողմից կկայացվի գործունեության կասեցման կամ շահագործման դադարեցման որոշումներ բոլոր այն տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ, որոնց կողմից շահագործվող շենք-շինություններում Տեսչական մարմնի մասնագետները կարձանագրեն հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով կարող են անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության ապահովման համար։
Հարակից հրապարակումներ`
- Տեսչական մարմինները համակարգող գրասենյակի ղեկավարի պաշտոնանկությունը կապված է «Սուրմալուի» դեպքերի հետ. Փաշինյան
- «Սուրմալու»-ի տարածքում ապամոնտաժման աշխատանքներ են կատարվում
- ԱԻՆ-ը նոր մանրամասներ է ներկայացնում Սուրմալուի փլուզումից
- «Սուրմալու»-ում պատի փլուզման հետևանքով տուժածներն ունեն սալջարդեր ու քերծվածքներ․ ԱՆ
- Դատախազությունը բողոքարկել է «Սուրմալու»-ի փոխտնօրենին չկալանավորելու դատարանի որոշումը
- «Սուրմալու»ում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով 4 անձ ձերբակալվել է
- ԱԻՆ-ը հրապարակել է Սուրմալուի հրդեհի հեևանքով անհետ կորածների անունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան