«Ուրիշ Սարյան»՝ «Մարտիրոս Սարյան. Գիրք և արվեստ» ցուցահանդեսի եռալեզու կատալոգում
Հայաստանի Ազգային պատկերասրահը լույս է ընծայել «Մարտիրոս Սարյան. Գիրք և արվեստ» ցուցահանդեսի եռալեզու կատալոգը: Այն ամփոփում է շուրջ 90 գրքային բարձրարժեք նկարազարդումներ, անվանի գրողների գեղանկարչական և գրաֆիկական դիմանկարներ, որոնք ուղեկցվում են հետաքրքիր տեղեկություններով և բնագրային մեջբերումներով:
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային պատկերասրահում «Մարտիրոս Սարյան. Գիրք և արվեստ» լայնածավալ ցուցահանդեսը բացվել է 2022 թվականի նոյեմբերին։ Ցուցահանդեսը պետք է գործեր մինչև դեկտեմբերի 18-ը, սակայն այցելուների մեծ հոսքով պայմանավորված այն կշարունակվի մինչև ապրիլ։ Ցուցահանդեսի համադրողներն են Հայկուհի Սահակյանը, Սեդա Խանջյանը։
Ցուցահանդեսում ներկայացված են Հովհաննես Թումանյանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի, Միքայել Նալբանդյանի, Միխայիլ Լերմոնտովի, Վալերի Բրյուսովի և այլ հայտնի դասականների գրական երկերի պատկերազարդումները: Առանձին սրահներում ցուցադրվում են հայկական հեքիաթների նկարազարդումները, որոնց անկրկնելի մոտիվները այցելուներին տեղափոխում են դեռևս մանկուց հարազատ ու ծանոթ աշխարհներ, ինչպես նաև համաշխարհային պոեզիայի գլուխգործոց «Շահնամեից» «Ռոստամ և Սոհրաբ» պոեմի շքեղ նկարազարդումները:
Ցուցադրությունն ամբողջացնում են Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի, Գրականության և արվեստի թանգարանի, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի, Հովհաննես Թումանյանի թանգարանի և Հայաստանի ազգային գրադարանի ֆոնդերից գրաֆիկական թերթերն ու գրքերը:
Գրքի շնորհանդեսին Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն ասաց, որ «Մարտիրոս Սարյան. Գիրք և արվեստ» ցուցահանդեսը պարզապես ցուցահանդես չէ, այլ հսկայական գիտահետազոտական աշխատանք է տարվել. «Համադրողները մեծ աշխատանք են իրականացրել, բացահայտումներ, ճշգրտումներ են արել։ Հետևաբար, սա որոշակիորեն կարող ենք կոչել հենց գիտական կատալոգ»։
Նա նշեց, որ ցուցահանդեսում, կատալոգում լրիվ «ուրիշ Սարյան է», այն Սարյանը չէ, որին այցելուներ սովոր են տեսել, որին մեծ մասը ճանաչում են՝ արևոտ լեռների, սարերի, ձորերի, Հայաստանի Սարյան։
«Բացարձակ այլ Սարյան է։ Մեր այցելուները, հատկապես արտասահմանցի, զարմանում են, որ Սարյանն այսպիսին կարող է լինել։ Իրական բացահայտում է»,- ասաց Մ.Հակոբյանը։
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը նախ մեջբերում արեց Սարյանի խոսքերից՝ «եթե ցուցահանդեսը չի ունենում կատալոգ, ապա այն մոռացվում է և չի մնում պատմության մեջ», ապա հավելեց. «Ուրեմն մենք ներկա ենք շատ կարևոր հանգամանքի, որ կա այս հրաշալի կատալոգը»։
«Իհարկե, գրատպության այն մակարդակը, որն ապահովեց թե իր անհատականությամբ հրաշալի Եղիշե Չարենցը, թե նրան աջակցող, նրա խանդավառությամբ վարակված հրաշալի նկարիչները, որոնք գրքեր էին հրատարակում հենց այն շրջանում, երբ Չարենցը ղեկավարում էր Հայպետհրատի գեղարվեստական բաժինը, այլևս նման եզակի երևույթ մենք չունեցանք։ Ունենք չարենցյան գիրք հասկացողություն, որը շատ կարևոր է։ Փաստորեն նաև այդ համագործակցության արգասիք է այս կատալոգը, ցուցահանդեսը»,- ասաց Ռ.Սարյանը։
Ազգային պատկերասրահի հայկական գեղանկարչության բաժնի վարիչ, համադրող Հայկուհի Սահակյանն ասաց, որ Սարյանը թեև իր ողջ գործունեության ընթացքում շեշտել է, որ չի սիրում գրքարվեստով զբաղվել, քանի որ բավական աշխատատար է, իր տարերքը հաստոցային գեղանկարչություն է, սակայն դեռևս Ռուսաստանում ապրելու տարիներն Սարյանն արդեն բավական փորձ ուներ գրքային ձևավորման ասպարեզում և 1921 թվականին, Հայաստանում բնակության հաստատելով, Եղիշե Չարենցի մեծ ջանքերի շնորհիվ ներգրավում է հայկական գրահրատարակչական ոլորտ, բեղուն գործունեություն է ծավալում, ինչի արդյունքում ունենք հարուստ ժառանգություն։
«Եթե ընդհանրական հայացք ենք գցում Սարյանի գործունեության վրա, նրա նկարազարդումներում գերակշռում են այն գրողների ստեղծագործությունները, որոնց հետ Սարյանը մտերիմ է եղել, շփվել է՝ Վահան Թոթովենց, Գուրգեն Մահարի, Մարիետա Շահինյան, Ավետիք Իսահակյան, Հովհաննես Թումանյան, Վահան Տերյան, ստեղծել է նրանց դիմանկարները, գրքային նկարազարդումներում էլ, կարծես, իր պրիզմայի միջով է անցկացրել՝ այնտեղ դնելով նաև իր անձնական վերաբերմունքը, հույզերը, ընկալումները։
Կան մի քանի բացառություն՝ Ֆիրդուսին, Միքայել Նալբանդյանը, որն իր համերկրացին էր, Նոր Նախիջանից էին։ Վարպետը շատ ընդհանրություններ ուներ Նալբանդյանի հետ թե իր ազատասիրական գաղափարներով, թե իր անսպառ ստեղծագործելու լիցքով»,- ասաց Հ. Սահակյանը։
Նա նշեց, որ ինչպես հաստոցային գեղանկարչությունում, գրքային նկարազարդումներում էլ զգացվում է Սարյանի՝ բնության հանդեպ սերը, հայրենիքի ընկալումը. «Գրքի փոքր թերթի դաշտում նա փորձել է խտացնել, ներկայացնել Հայաստանն ամբողջապես, Հայաստանի համայնապատկերը ստեղծել, ինչը տեսնում ենք նաև նրա կտավներում, պետական թատրոնի համար ստեղծված վարագույրում։
Սարյանի այդ բնափիլիսոփայական հայացքները դրսևորվել են նաև գրքային նկարարազարդումների նմուշներում»։