Անհրաժեշտ պայմաններ չունենալու պատճառով միջոցառումների ձմեռային ծրագիրը համեստ է․ Աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ
Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ, գյումրեցի Գրիգոր Բարսեղյանի խոսքը այնքան էլ հուսադրող չէր: Արմսպորտի հետ զրույցում նա ասել է,որ անհրաժեշտ պայմաններ չունենալու պատճառով, միջոցառումների ձմեռային ծրագիրը համեստ է:
«Հունվարի 28-ին Վանաձորը կհյուրընկալի Լոռվա բաց առաջնության մասնակիցներին: Դա փաստորեն հանրապետական միջոցառում կլինի և ընտրական նշանաբան կունենա: Կձևավորվի հավաքական, որը պետք է փետրվարի 11 –ին մասնակցի Ստամբուլում անցկացվելիք Բալկանյան երկրների առաջնությանը: Դրանից 20 օր հետո, ստույգ ՝ մարտի 2- 5-ը, դարձյալ Ստամբուլում մեր երկու առաջատար մարզիկներ հանդես կգան Եվրոպայի մարզասրահների, ասել է թէ՝ ձմեռային առաջնությունում:
Գրիգոր Բարսեղյանի համար լավատեսության հույսերը քիչ են: Ափսոսանքով ասաց, որ Երևանը աշխարհում միակ միլիոնանոց բնակչություն ունեցող մայրաքաղաքն է, որը չունի աթլետիկայի գոնե մեկ մարզահամալիր: Ավելին, Գյումրիի, Վանաձորի, Աբովյանի, Արմավիրի ստադիոնների խոտածածկը մեծացրել են նախկինում եղած վազքուղիների հաշվին: Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտը վազքուղիներ ունի, բայց տերերի չկամության պատճառով , չեն երեսապատվում արհեստական ծածկով, և, բնական է աթլետների չեն հյուրընկալում: Թերևս գյումրեցիներին ինչ որ չափով հույս է ներշնչում անվանի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի պատվին կառուցվող համալիր մարզադպրոցը, որը կունենա նաև աթլետիկական մարզադաշտ: Այն նախատեսված է շահագործման հանձնել 2024թ.: Նաև հույս կա, որ ընթացիկ մրցաշրջանում վերջապես կավարտվի Արտաշատի ստադիոնի աթլետիկական հատվածների և վազքուղիների շինարարությունը»,- հայտնում են ՀԱՕԿ-ից։: