Հայաստանը կունենա տեխնոլոգիական նոր բրենդ
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) մշակում է նոր կրթական ծրագիր՝ «Արմաթ-2» կամ «Արմաթ advanced», որի նպատակն է ավելի խորը գիտելիքներ փոխանցել երեխաներին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։
Նրա խոսք՝ «Արմաթ»-ը մեծ հաջողությունների ունի ոչ միայն Հայաստանում, այլև նաև երկրի սահմաններից դուրս։ Այս տարի ևս նախատեսում են նոր լաբորատորիաներ բացել թե Հայաստանում, թե արտերկրում։
Մասնավորապես, ինչպես ընդգծեց ԱՏՁՄ գորոծադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, նախատեսում են առնվազն 50 նոր «Արմաթ» լաբորատորիա բացել Հայաստանում և նույնքան էլ վաճառել արտերկրում, մարտի 18-ին էլ Գլենդելում տեղի կունենա «Արմաթ» լաբորատորիայի պաշտոնական բացումը։
Ալեքսանդր Եսայանի խոսքով՝ կրթությունն այն հիմնական ուղղությունն է, որը հանգեցնում է ոլորտի զարգացմանը, ուստի այդ ուղղությամբ ծրագրերը շարունակական են լինելու։ «Կան ծրագրեր, որոնց շրջանակներում համագործակցելու ենք միջազգային մեր գործընկերների հետ, բացի այդ նախատեսում ենք նաև Սփյուռքի ներկայացուցիչներին ավելի ինտեգրել կրթական ուղղվածությամբ աշխատանքներին։ Այս ամենի շրջանակում այս տարի այցեր ենք նախատեսում տարբեր երկրներ, որտեղ հայ համայնքին ավելի մանրամասն կներկայացնենք «Արմաթ» ծրագիրը»,- ընդգծեց նա։
Անդրադառնալով ՏՏ ոլորտում իրականացող աշխատանքներին՝ Հայկ Չոբանյանն ասաց, որ Միությունն արդեն 22 տարի համարվում է Հայաստանի ՏՏ ոլորտի ընկերությունների շահերի պաշտպանը, օրենսդրական ավելի քան 50 օրենսդրական ակտերի հեղինակ է, և այս տարիների ընթացքում էապես նպաստել է ՏՏ ոլորտի զարգացմանը։
«Մեր խնդիրը ոլորտի հեղինակության բարձրացումն է թե երկրի ներսում, թե դրսում։ Մեր առջև դրված խնդիրներից է նաև ոլորտի համախմբումն ու ազգային արժեքների տարածումը, ուստի մեր կողմից իրականացվող յուրաքանչյուր ծրագրում կա ազգային բաղադրիչ»,- ասաց Հայկ Չոբանյանը։
Նա ներկայացրեց նաև ԱՏՁՄ-ի ռազմավարական 5 ուղղությունը` Հայաստանի դիրքավորումը որպես առաջատար բարձր տեխնոլոգիական երկիր, գիտության և հետազոտության զարգացումը, էլեկտրոնային կառավարումը, ռազմարդյունաբերությունը, կրթության ու աշխատուժի զարգացումը։
«2022 թվականին լայնածավալ աշխատանք ենք սկսել բրենդինգի առումով։ Պատրաստվել է փաստաթուղթը, որն անցել է բոլոր փուլերով և առաջիկայում` մարտին կայանալիք ԴիջիԹեքին տեղի կունենա Հայաստանի տեխնոլոգիական նոր բրենդինգի ներկայացումը։ Դրանից հետո կսկսենք հանրային իրազեկման լայնածավալ աշխատանքներ, կներկայացնենք ոլորտը համաշխարհային տարբեր հարթակներում, կլինեն նաև թրեյնինգներ և workshop–եր, որպեսզի ոլորտի և քաղաքականություն մշակող մարդիկ ընդհանուր մոտեցում ունենան Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի վերաբերյալ»,- ընդգծեց Հայկ Չոբանյանը։
Անդրադառնալով ռազմարդյունաբերությանը՝գործադիր տնօրենն ասաց, որ վերջապես տեսնում են մասնավոր հատվածի մեծ ներգրավվածությունը ռազմարդյունաբերական համալիրում, ինչը նախորդ տարիների համեմատ աննախադեպ է։
«Իհարկե այստեղ էմոցիոնալ մեծ նշանակություն է ունեցել 2020 թ. պատերազմը»,- ասաց Հայկ Չոբանյանը։
Նրա խոսքով՝ ոլորտի զարգացման համար մեխանիզմներ են պետք։ Դրա համար, ըստ Հայկ Չոբանյանի, անհրաժեշտ է ստեղծել ոչ միայն ներդրումային հիմնադրամներ, այլ քննարկումներ անցկացնել, մեծ ծավալի աշխատանքներ իրականացնել։
«Աշխատանքները շատ արագ պետք է արվեն, քանի որ ռազմարդյունաբերական այն ծավալը, որն ունի ՀՀ-ն, խիստ հեռու է բավարար լինելուց, հատկապես անվտանգային խնդիրները լուծելու տեսնակյունից։ Կարծում եմ, որ մենք մեխանիզմների փոփոխության խնդիր ունենք, քանի որ առաջին հերթին պաշտպանական տեխնոլոգիաների մշակման գործում չափազանց մեծ է բյուրոկրատիայի մակարդակը, ինչն այդպես չպետք է լինի»,– նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան