Գարիկ Գալեյան. Երևի պայմանավորվել են՝ որդեկորույս ծնողներից գանձած տուգանքները բաժանեն ոստիկաններին որպես հավելավճար
Արցախյան երրորդ պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանն էլ այսօր պետք է առերեսվի Երևանի քաղաքի ոստիկանության վարչության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի հետ։
Հիմա զոհված զինծառայողների ծնողներն ու մի քանի քաղաքացիներ Քննչական կոմիտեի շենքի դիմաց են։ Առերեսումն իրականացվում է Եռաբլուրում սեպտեմբերի 21-ին ոստիկանների կողմից զոհվածների ծնողներին քաշքշելու, հրելու, նաև բռնության ենթարկելու գործի շրջանակում։
«Բերետները առերեսման ժամանակ ասել են՝ վարչապետի փայերով ենք Եռաբլուրում եղել։ Թե ինչ է նշանակում դա, ես չգիտեմ։ Մի ոստիկան էլ ասել է՝ ծնողներին բերման ենթարկելու մասին վայբերով է իրեն հրաման եկել։ Պարզվում է, մեր ոստիկանական համակարգում վայբերով են շփվում իրար հետ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Գարիկ Գալեյանը։
Նա կարծում է, որ ոստիկանները ճիշտը չեն ասել։
«Բոլորը ստում են, նրանք չեն ծառայում պետությանը, նրանք ծառայում են դավաճան իշխանությանը։ Նրանց գործողությունները չեն բխում պետության շահերից, ծառայում են մեկ անձի։ Հիշում եք, մի ձայնագրություն հրապարակվեց, որտեղ Գագիկ Ջհանգիրյանն ասում էր՝ «իմ վզին դրած է», նույնն էլ ոստիկանների վզին է դրած»,-կարծիք հայտնեց պատերազմում անմահացած Մխիթարի հայրը։
Նա չի բացառում, որ իբր ոստիկանների հրամաններին չենթարկված որդեկորույս ծնողներից գանձվելիք վարչական տուգանքները, ըստ պայմավորվածության, բաժանվելու են նույն այդ ոստիկաններին՝ որպես հավելավճար։
«Հունվարի 17-ին առաջին նիստն էր։ Ոստիկանության կողմը չէր եկել։ Դատական նիստը հետաձգվեց, տեղի կունենա փետրվարի 15-ին»,-ասաց նա։
Նշենք, որ ոստիկանությունը դիմել է վարչական դատարան Գարիկ Գալեյանին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջով վարչական պատասխանատվության ենթարկելու հայցով։ Դատավոր Ռոբերտ Մաքեյանը վարույթ է ընդունել գործը։
ՎԻՎ 182 հոդվածը վերաբերում է Զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելուն. « Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Մեզ համար ամեն օրը սգո օր է, իրենց համար կերուխումների օր է. Զոհված զինծառայողի հայր
- Զոհված զինծառայողների ծնողները ՔԿ դիմաց են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան