Ռուբեն Վարդանյան. Արցախի կանայք այսօր բաց նամակով դիմել են Եվրահանձնաժողովի նախագահին
Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը Telegram-ի իր ալիքում գրում է.
«Այսօր արցախցի կանայք բաց նամակով դիմել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին։Նրանք կոչ են անում ՝ անհապաղ միջամտել և դադարեցնել Ադրբեջանի կողմից Արցախի էներգետիկ շրջափակումը։ Հենց տիկին ֆոն դեր Լյայենն է պատասխանատու Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումների ավելացման մասին համաձայնագրի ստորագրման համար։
Հուսահատ մայրերը իրավացիորեն պահանջում են, որ իրենց երեխաները, ինչպես ԵՄ երկրների երեխաները, հնարավորություն ունենան ապրել տաք ու լուսավոր տներում, նորմալ սնվել, հաճախել դպրոց ու մանկապարտեզ, ստանալ բժշկական օգնություն։ Նրանք ունեն նորմալ կյանքի իրավունք, ինչպես աշխարհի բոլոր երեխաները։ Ադրբեջանն ու նրա ղեկավարները, ձմռանը գազատարը կտրելով, էլեկտրաէներգիան անջատելով, 30 հազար արցախցի երեխաներին զրկում են այս իրավունքից։
Ճգնաժամի ժամանակ կանայք ցույց են տալիս իրենց վճռականությունն ու ուժը՝ նրանք մեր հերոսներն են և արդարության համար պայքարողները։ Այսօր նրանք մեզ ցույց են տալիս, թե ինչպես դիմանալ դժբախտություններին, հիշեցնում են մեզ մեր ընդհանուր մարդասիրության մասին:
Ես ողջունում և աջակցում եմ մեր կանանց նախաձեռնությունը։ Ես հիանում եմ նրանց ոգեղեն ուժով և տոկունությամբ: Եվ բոլոր նրանք, ովքեր կարող են օգնել նրանց, պետք է դա անեն: Հանուն կյանքի, հանուն երեխաների, հանուն ապագայի, հանուն Արցախի»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին