Մահացել է ՀՀ վաստակավոր մարզիչ Մկրտիչ Չիրքինյանը
84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» Մկրտիչ Չիրքինյանը։ Այս մասին տեղեկացնում են Էջմիածնի քաղաքապետարանից։
«Խոր ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» Մկրտիչ Չիրքինյանը:
Մկրտիչ Չիրքինյանը մեր համայնքի երևելի և ականավոր անհատներից էր, որի անունը ոսկե տառերով է գրված Էջմիածնի և Հայաստանի սպորտային կյանքում»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում։
Մկրտիչ Չիրքինյանը Էջմիածնում հունահռոմեական ոճի ըմբշամարտի հիմնադիրն է, Աշխարհի ու Եվրոպայի բազմաթիվ չեմպիոնների մարզիչ:
Նա 1959 թվականին ճանաչվել է ԽՍՀՄ սպորտի վարպետ:
1963 թվականին Էջմիածին քաղաքում հիմնել է հունա-հռոմեական ըմշամարտի դպրոց և դարձել այս սպորտաձևի հիմնադիրը քաղաքում:
1997 թվականին հոկտեմբերի 23-ին արժանացել է «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչման:
2002 թվականին ստացել է ՀՀ Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր աշխատողի կոչում:
2002 թվականին դեկտեմբերի 27-ին արժանացել է Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար հանրապետության նախագահի շնորհակալագրի:
1969-1985 թթ. եղել է Հանրապետության հավաքականի մարզիչ:
2022 թվականի նոյեմբերին մեծ շուքով նշվել է նրա մարզչական գործունեության 60-ամյակը:
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Մկրտիչ Չիրքինյանն արժանացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրի:
Համայնքի ղեկավարի կողմից պարգևատրվել է շնորհակալագրով ու անվանական մեդալով՝ երկարամյա ակնառու գործունեության, սպորտի զարգացման և մասսայականացման գործում ունեցած անուրանալի ավանդի համար:
Նրա անունն է կրում Վաղարշապատի մանկապատանեկան մարզադպրոցի ըմբշամարտի դահլիճը։