ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը ծավալվում է ամբողջ թափով. Նիկոլ Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղի նախադպրոցական հաստատությունների շուրջ 6000 սան, հանրակրթական դպրոցների շուրջ 19 հազար աշակերտ, ԲՈւՀ-երի շուրջ 6800 ուսանող արդեն մեկ ամսի զրկված են 21-րդ դարի ամենակենսական իրավունքներից մեկից՝ կրթության իրավունքից, քանի որ արդեն մեկ ամիս ԼՂ-ի մանկապարտեզները դպրոցները ԲՈւՀ-երը փակ են և չեն աշխատում»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Հայտարարելով, որ վերջին անգամ նման բան եղել էր 44-օրյա պատերազմի ժամանակ՝ Փաշինյանն ասաց, որ այս իրավիճակում, երբ հրանոթները չեն կրակում, կրթական հաստատությունները փակվել էին միայն կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Նա ընդգծեց, որ այս անգամ համավարակը չէ կրթական հաստատությունների չաշխատելու պատճառը, այլ Ադրբեջանի «բնապահպանական» մտահոգությունները:
«Չբավարարվելով Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը փակում է նաև ԼՂ-ն սնուցող գազի խողովակը, հետո բացում 10%-վ, հետո նորից փակում, հետո բացում 25 %-ով և այսպես շարունակ: Ադրբեջանաը շարունակաբար կիրառում է նաև գազային ճնշման գործիքը, ինչն ակնհայտորեն դատապարտելի է»,-ասաց ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը:
Նա հայտնեց, որ մանկապարտեզների չաշխատելու մյուս պատճառը երեխաների համար սահմանված սննդի բացակայությունն է, որն էլ իր հերթին կապված է Լաչինի միջանցքի փակման հետ:
«Լեռնային Ղարաբաղի կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որը սահմանվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և որի անխափան գործելու գրավոր երաշխիքներ են տվել ադրբեջանական հանրապետությունը և ՌԴ-ն, փակ է արդեն 46 օր և, ինչպես նշեցի վերը, արդեն 46 օր ԼՂ-ի բնականոն կյանքը խաթարված է և հումանիտար ճգնաժամը ծավալվում է ամբողջ թափով:
Այս ամենով Ադրբեջանը մի նպատակ է հետապնդում՝ կոտրել սեփական հայրենիքում ապրելու Լեռնային Ղարաբաղի հայության կամքը: Ընդ որում, մեր ունեցած տեղեկություններով՝ Բաքվի պլանն հետևյալն է. Լեռնային Ղարաբաղում տնտեսական հոգեբանական ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները, կրկին փակել միջանցքը և հետո կրկին մի քանի օրով բացել, և այսպես այնքան, մինչև վերջին հայը կլքի Լեռնային Ղարաբաղը: Սա, իհարկե, էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա նաև հայտնեց, որ միջազգային հանրության շրջանում ուժեղանում է ընկալումը, որ Արցախում էթնիկ զտում է իրականացվում:
Հարակից հրապարակումներ`
- Հարութ Սասունյան. Ադրբեջանցիները կրակում են իրենց ոտքերին՝ շրջափակելով Լաչինի միջանցքը
- Պատերազմն ու Լաչինի միջանցքի փակումը ևս մեկ անգամ ապացուցում են՝ արցախահայերը որևէ կերպ չեն կարող ապրել Ադրբեջանի կազմում. Աբրահամյան
- Լաչինի միջանցքի նկատմամբ Ադրբեջանն ունի միայն մեկ պարտավորություն՝ ոչ մի կերպ չխոչընդոտել տեղաշարժը. Արցախի ԱԳՆ
- ԱՄՆ պետքարտուղարը՝ Ալիևին. Անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի երթևեկությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան