82-ամյա Ռոմելա Աղաջանյանը միայնակ է հաղթահարում շրջափակումը
«Հետք»-ը գրում է․
Ռոմելա Աղաջանյանը խոհանոցից բերում է սալորի մուրաբան ու թեյը։ Էլեկտրաէներգիայի պարբերական անջատումների պատճառով բնակարանում ցուրտ է։ Տեղավորվում է էլեկտրական վառարանի կողքին, փաթաթվում բարակ, մոխրագույն վերարկուի մեջ։ Երբ շատ ցուրտ է լինում, ոտքերը մոտեցնում է վառարանի պարույրին, այս ու այն կողմ շրջելով՝ մի քիչ տաքացնում ու նորից հագնում հողաթափերը։ Հետո ձեռքով գրկում է թափանցիկ, տաք բաժակն ու դանդաղ խմում թեյը։
Ռոմելա Աղաջանյանը 82 տարեկան է։ Մեծացել է Արցախի Կարմիր գյուղում։ Ամուսնանալուց հետո տեղափոխվել է Ստեփանակերտ։ «Ես միշտ մամուս ուշունցում տամ, ասում խեյը՞ս ինձ պերալ, վեր էսքան քյամբախտըմ»,- ասում է նա, երբ հարցնում եմ դիմացի պատին փակցված նկարների մասին։ Նրա երկու որդիները զոհվել են արցախյան առաջին պատերազմում։ Մատով հեռվից ցույց է տալիս՝ մոտավոր տարբերակելով որդիների, ամուսնու ու թոռան նկարները։ Ամուսնուն կորցրել է 1995-ին՝ որդիների զոհվելուց հետո։ Ավագ որդին՝ Էդոն, 30 տարեկան էր, երբ զոհվեց։ Խոստացել էր ամուսնանալ հենց պատերազմն ավարտվի։ Իսկ կրտսերը՝ Արսենը, 28 տարեկան էր, երկու աղջիկ ու մի տղա ուներ։
«Արսենի որդին՝ Արթուրը, մեկ տարեկան էր, երբ հայրը զոհվեց։ Մեծացավ ու դարձավ պայմանագրային զինծառայող։ 2020-ի պատերազմի ժամանակ ընկերները համոզում էին, որ առաջնագիծ չգնա, քանի որ ընտանիքի միակ արու զավակն էր։ Բայց գնաց ու զոհվեց։ Այդ ժամանակ Երևանում էի, եթե այստեղ լինեի, չէի թողնի, որ գնա»,- ասում է Ռոմելան։
Արթուր Աղաջանյանը զոհվել է 2020-ի հոկտեմբերի 13-ին։ Նա ՊԲ 8-րդ հրաձգային բրիգադի (Ցորի զորամաս) տանկային գումարտակի ենթասպա էր։ Տատիկի պատմելով՝ հոկտեմբերի 13-ին շարասյունով Ցորից Ջաբրայիլ էին գնում՝ գործողության մասնակցելու։ Արկի հարվածից մեքենան, որում եղել է Արթուրը, պայթել է։ Ռոմելայի ասելով՝ 30 հոգի զոհվել է։
Ռոմելայի խոսքով՝ Աստված միայն իր միակ դստերը՝ Նոնային է պահել։ Գրեթե ամեն օր գնում է նրան տեսակցելու։ Սրտի կաթվածի պատճառով Նոնան մշտական խնամքի կարիք ունի։ Շատ հաճախ մայրն է նրան խնամում։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան