Ամրամ Մակինյանը դատարանին ներկայացրեց «դիզելի գործով» վկայի գործունեությանը վերաբերող փաստաթղթեր
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր հետաձգվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։
Դատական նիստը շարունակվեց հիմնական վկա Սևան Քոչարյանի հարցաքննությունը:
168.am-ը գրում է, որ վկայի ցուցմունքներում կրկին բազմաթիվ էին հակասությունները:
«Դուք շատ եք հեռանում ձեր հարցերի պատասխաններից: Փորձեք հստակ պատասխանել: Երկրորդը՝ Դուք իրավաբան չեք, ու տրամաբանական է, որ Ձեզ համար պարզ չլինի՝ ինչու են Ձեզ նման հարցեր տրվում: Նպատակը Ձեր իմացած տեղեկությունները ճշտելն է: Մի արծարծեք հարցեր, որոնց պատասխանները չեն ակնկալվում ստանալ Ձեզ ուղղված հարցադրմամբ»,- վկային դիտողություն է արել դատավոր Միսակյանը:
Մեղադրող դատախազն էլ վկային հարցրել է՝ եթե տարիներ առաջ՝ մրցույթի արդյունքները հրապարակելու ժամանակ, ինքը գիտեր, որ կեղծիք է կատարվել, ինչո՞ւ է միայն 2019թ. հաղորդում ներկայացրել հանցագործության մասին:
«Հիմա եմ իմաստ տեսել, այսինքն նույնիսկ հիմա էլ եմ կասկածում՝ ինչի համար եմ ես հայտարարություն տվել: Ամեն ինչին տեղյակ լինելով՝ ես անիմաստ եմ համարել հայտարարություն տալ: Մտածում էի, որ ոչ մի արդյունք չի լինի»,- ասել է Սևան Քոչարյանը:
Դատավորի հարցին՝ ի՞նչ ակնկալիք է ունեցել՝ 2019թ. հաղորդում ներկայացնելով՝ վկան պատասխանել է՝ ոչ մի ակնկալիք չի ունեցել, այդպես է նպատակահարմար համարել:
Ս.Քոչարյանին հարցեր է ուղղել նաև պաշտպանական կողմը: Վկան հիմնականում հրաժարվում էր պաշտպան Ամրամ Մակինյանի հարցերին պատասխանելուց:
Ամրամ Մակինյանը դատարանին ներկայացրել է փաստեր այն մասին, թե ում է վկան 500 000 դոլար գումար պարտք, ինչպես է սնանկ ճանաչվել նրա ընկերությունը:
Ամրամ Մակինյանը դատական ակտեր ներկայացրեց դատարան, որոնք վերաբերում են հիմնականում Ս.Քոչարյանի գործունեությանը՝ պայմանավորված դիզվառելիք ձեռքբերելու և իրացնելու հետ։
«Այսինքն ուղիղ առնչվում է այս գործին այնքանով, որքանով այս դատական ակտերում առկա տեղեկությունները դատարանին և դատավարության մասնակիցներին ցույց է տալու Սևան Քոչարյանի անձի հնարավորությունները, գործելաոճը»,- ասաց պաշտպանը։
Հիշեցնենք, որ քրեական գործով այս պահին մեղադրյալի կարգավիճակում է երեք անձ. Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաև Գևորգ Հարությունյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։
Ըստ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում»։
Ըստ Բարսեղ Բեգլարյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա հանդիսանալով «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր, 2013թ․ հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում դրդել է 2013թ․ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սերգո Կարապետյանին՝ ՀՀ հողօգտագործողներին 2013թ․ գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացքում կատարել ՀՀ կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների՝ ընդհանուր 489,160,310 ՀՀ դրամի վատնում»։
Ըստ Գևորգ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա 2012թ․ հունիսի 25-ից մինչև 2015թ․ հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագրծելով, 2013թ․ հւնվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, օժանդակել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակություն կատարելուն»։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի հետևանքով մահացել են գործով անցնող Սերգո Կարապետյանը և Սամվել Գալստյանը։ Դատարանի որոշմամբ, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց
- Սերժ Սարգսյանի գործով առանցքային վկան հայցադիմումից հետո ձերբազատվել է միլիոնավոր դոլար պարտքերից. Պաշտպան
- Սերժ Սարգսյանի գործով վկան այս անգամ ներկայացավ դատարան, բայց լսողական սարքի խնդիր ուներ
- Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց
- Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը վկայի բացակայության պատճառով հետաձգվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան