Խուդինյանն ընդունեց, որ բերման ենթարկելու ձևաչափը համաչափ չի եղել. Վահան Հովհաննիսյան
Քննչական կոմիտեում Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողների առերեսումը կատարվում էր Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի հետ, այն տևել է 3 ժամ 55 րոպե: Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
«Քննչական կոմիտեի քննչական գործողությունների թիրախն ուրիշ է. առերեսումները չպետք է կատարվեն մեզ հետ, պետք է կատարվեն ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների միջև, քանի որ այն, ինչ մենք տեսնում ենք իրենց ցուցմունքներում, հակասություններն իրար մեջ են:
Այո, կարմիր բերետավորների բազմաթիվ ցուցմունքներ կան, որ Խուդինյանն է հրամանը տվել: Բայց այսօրվա իմ հարցին՝ ո՞վ է բերման ենթարկելու հրամանը տվել, պարոն Խուդինյանը պարզապես չպատասխանեց, թե ով է նման հրաման տվել, իմ կողմից արձանագրվեց՝ ուղղակի հարցին պատասխան չհնչեց։ Ոչ հերքել է, ոչ հաստատել է, պատասխան չի հնչել, թե զոհված զինծառայողների ծնողներին բերման ենթարկելու հրամանն ի վերջո ով է տվել»,-ասաց Վահան Հովհաննիսյանը։
Նա հայտնեց, որ առերեսումները շարունակվելու են ոստիկանության այլ աշխատակիցների հետ:
«Պարոն Խուդինյանն ընդունեց, որ բերման ենթարկելու ձևաչափը, միջոցը, եղանակը համաչափ չի եղել, և ինքն ամբողջ ոստիկանության անունից ներողություն խնդրեց ծնողներից: Նաև խնդրեց դա ընդունել որպես ոստիկանության պաշտոնական հայտարարություն, դիրքորոշում: Նշեց, որ որոշ ոստիկաններ որոշ դեպքերում կարող էին այլ ձևով վարվել, ինչը չեն արել, իրավական գնահատականները թողնելով քննչական մարմիններին»,-ասաց Վահան Հովհաննիսյանը:
Փաստաբանը նշեց, որ Ա. Խուդինյանն ընդունել է՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հրահանգներ տալու իրավասությամբ օժտված է եղել ինքը և Երևան քաղաքի վարչությանը ենթակա ստորաբաժանումները ղեկավարվել են իր կողմից, ենթարկվել են իրեն:
«Դրանից հետո ես ուղիղ հարց եմ տվել՝ եթե միայն հրաման տալու իրավասությամբ օժտված պաշտոնատար անձը դուք էիք, ձեզնից բացի ո՞վ կարող էր բերման ենթարկելու հրաման տալ: Այդ հարցին ևս պարոն Խուդինյանը չի պատասխանել:
Ի վերջո ևս մեկ անգամ փաստվեց այն հանգամանքը, որ ոստիկանության կողմից կիրառվող այդ միջոցները, վարչական ձերբակալումը, հարկադրաբար ներկայացնելու գործողություններն օրենքով չեն կատարվել, կիրառվել է անհամաչափ ուժ, որի համար ոստիկանները և հրաման տվողները ենթակա են քրեական պատասխանատվության»,-նշեց փաստաբանը։
Նա ասաց, որ այս գործն իրենց համար ամբողջությամբ պարզ է, բայց ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ պատասխանատվության գնդակը տշում են մի դարպասից մյուս դարպասը:
Նշենք, որ մինչ ՔՊ ներսում առերեսումներ էին, դրսում զոհված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով պատժել սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում ծնողների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին, պարզել նրանց հրաման տվողներին։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանների կողմից բռնություն էր գործադրվել զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ։ Այդ դեպքում հարուցվել է քրեական գործ:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Այս իշխանության որոշումները չեն ծառայում Հայաստանի անվտանգության ու շահերի ապահովմանը
- Մարտի դաշտում մեր երեխաներն են կռվել, մենք էլ այստեղ` այստեղի թուրքի դեմ ենք կռվելու. Գոհար Դավթյան
- Մեր տղաները ամեն դիրքի համար կյանք են տվել, բայց իրենք դավաճանված են եղել, գլխավոր դավաճանը գլխավոր հրամանատարն է. Զոհված զինծառայողի հայր
- Գարիկ Գալեյան. Երևի պայմանավորվել են՝ որդեկորույս ծնողներից գանձած տուգանքները բաժանեն ոստիկաններին որպես հավելավճար
- Մեզ համար ամեն օրը սգո օր է, իրենց համար կերուխումների օր է. Զոհված զինծառայողի հայր
- Զոհված զինծառայողների ծնողները ՔԿ դիմաց են
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան